Ֆրանսիայում ցուցարարների ու ոստիկանների բախումների հետեւանքով կա առնվազն մեկ վիրավոր

Փակվել է Էյֆելյան աշտարակը, քանի որ դրա աշխատակազմը դադարեցրել է աշխատանքը եւ միացել ցուցարարներին:
fransia

Եվրո-2016-ը հյուրընկալող Ֆրանսիան այսօր ուշադրության կենտրոնում էր նաեւ զանգվածային ցույցի պատճառով: Տասնյակ հազարավոր մարդիկ էին դուրս եկել Փարիզի փողոցներ՝ կրկին բողոքելու աշխատանքային օրենսդրությունը փոփոխելու իշխանության ծրագրերի դեմ:

Օրինագիծը, որով նախատեսվում է ավելացնել աշխատանքային ժամերը եւ կրճատել արտաժամյա վարձատրությունը, արդեն մտել է Սենատ:

Փարիզի ցույցն անցկացվել է անվտանգության ուժերի խիստ վերահսկողության ներքո: Ոստիկանների հետ բախումներն անխուսափելի են եղել: Ցուցարարների նկատմամբ կիրառվել է արցունքաբեր գազ: Առնվազն մեկ վիրավոր կա:

Ցույցն ուղեկցվում է նաեւ գործադուլներով: Այսօր էլ փակվել է Էյֆելյան աշտարակը, քանի որ դրա աշխատակազմը դադարեցրել է աշխատանքը եւ միացել ցուցարարներին:

Սրանով արհմիությունները չեն հանդարտվելու. արդեն հայտարարվել են առաջիկա ցույցերի օրերը՝ հունիսի 23 եւ 28: Այս ամենը հաշվի առնելով՝ իշխանությունները զիջումների չեն պատրաստվում գնալ:

*

*