Էրդողանը Մերկելին մեղադրում է նացիստական գործելաոճ ունենալու համար

Թուրք-գերմանական դիվանագիտական վեճը շարունակվում է:
merkel-erdoghan

Թուրք-գերմանական դիվանագիտական վեճը շարունակվում է: Եվրոպայից հնչող հորդորներն էլ չեն հանգստացնում Թուրքիայի նախագահին: Ռեջեփ Էրդողանն ասել է, որ երբ իրենք եվրոպացիներին նացիստների հետ են համեմատում, նրանց դա դուր չի գալիս: Նրանք, եւ հատկապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, համերաշխության կոչեր են անում: Սակայն Մերկելն, ըստ Էրդողանի, այժմ նացիստական գործելաոճ է կիրառում:

Ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահը կանցլերին ահաբեկիչներին աջակցելու մեջ էր մեղադրել: Էրդողանը դժգոհություն է հայտնել, որ թուրք նախարարներին չի թույլատրվում Գերմանիայում հանրահավաքներ իրականացնել, սակայն մարտի 18-ին Ֆրանկֆուրտում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ չեն միջամտել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» աջակիցների երթը, նրանց հակաթուրքական կոչերն ու բարձրացրած խորհրդանիշները, այդ թվում եւ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը:

Պարզաբանումների համար Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է այդ երկրի արտգործնախարարություն: Անկարան դատապարտել է, իր պնդմամբ, Բեռլինի կեղծավոր մոտեցումը: Իսկ ահա Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ներկայում Թուրքիան ավելի քան երբեւէ հեռու է Եվրամիությանն անդամակցելուց:

Հիշեցնեմ, որ Թուրքիայի իշխանությունները, սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեից առաջ, որով նախատեսվում է ընդլայնել նախագահի լիազորությունները, ցանկանում են հանրահավաքներ իրականացնել արտերկրում՝ այնտեղ բնակվող Թուրքիայի քաղաքացիների ձայները կորզելու համար: Սակայն եվրոպական մի շարք երկրների դռները նրանց առջեւ փակվում են:

*

*