Էրդողանն` ընդդեմ գերմանացի երգիծաբանի. դատաքննությունը շարունակվում է

Բեմերմանը երգիծական հաղորդման եթերում Էրդողանի հասցեին բանաստեղծություն էր կարդացել:
bemerman

Համբուրգում դատարանը քննում է Թուրքիայի նախագահի մասնավոր հայցը գերմանացի հեռուստահաղորդավար ու երգիծաբան Յան Բեմերմանի դեմ՝ Էրդողանի մասին բանաստեղծության տարածման ամբողջական արգելքի մասին։

Բեմերմանը մարտի 31-ին երգիծական հաղորդման եթերում Էրդողանի հասցեին բանաստեղծություն էր կարդացել, որում նախագահին վերագրում է սեռական այլասերվածություններ ու հանցագործություններ ազգային փոքրամասնությունների ու ընդդիմության դեմ: Ի պատասխան՝ Թուրքիայի կառավարությունը Բեռլինին բանավոր նոտա է ուղարկել՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել հաղորդավարին՝ Էրդողանին վիրավորելու համար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել էր, որ կառավարությունը թույլատրում է Բեմերմանի դեմ հետապնդումը: Սակայն հոկտեմբերի սկզբին Մայնց քաղաքի դատախազությունը փակել էր Բեմերմանի դեմ գործը՝ համարելով, որ նրա մեղքն ապացուցող ծանրակշիռ փաստեր չկան, Էրդողանի փաստաբանը փորձել է վիճարկել այս որոշումը Կոբլենցի գլխավոր դատախազությունում, սակայն նրա բողոքարկումը անհիմն է ճանաչվել: Այժմ էլ Համբուրգի դատարանում Էրդողանի մասնավոր հայցն է:

*

*