ՄԱԿ․ Եմենին դեռեւս չտեսնված սով է սպառնում

Մարկ Լոուքոքը կոչ է արել վերացնել Արաբական թերակղզու հարավում գտնվող երկրի շրջափակումը:
emen-sov

«Եմենը կարող է աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում դեռեւս չտեսնված սովի մատնվել, ինչի հետեւանքով միլիոնավոր զոհեր կլինեն»,- զգուշացնում է ՄԱԿ-ի մարդասիրական ծառայության ղեկավարը:

Մարկ Լոուքոքը կոչ է արել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային վերացնել Արաբական թերակղզու հարավում գտնվող երկրի շրջափակումը:

Նշենք, որ կոալիցիան դեպի Եմեն օդային, ցամաքային եւ ծովային ճանապարհները փակելու մասին հայտարարել էր շաբաթվա սկզբին՝ սաուդյան մայրաքաղաք Էր-Ռիյադի ուղղությամբ Եմենի տարածքից հութի ապստամբների արձակած հրթիռի վնասազերծումից հետո:

Մարկ Լոուքոքը հորդորել է վերսկսել ՄԱԿ-ի եւ մարդասիրական օգնություն տեղափոխող մյուս թռիչքները Սանա եւ Ադեն քաղաքներ, նաեւ մուտք գործել բոլոր նավահանգիստները՝ սնունդ, վառելիք, դեղորայք եւ անհրաժեշտ այլ պարագաներ մատակարարելու համար:

«Հակառակ դեպքում սով է սպառնում Եմենին», — ասել է հումանիտար ծառայության ղեկավարը:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*