Արբանյակներից ստացված տվյալները EgyptAir-ի անհետացած ինքնաթիռում պայթյուն չեն ֆիքսել

Միջերկրական ծովում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են ինքնաթիռի բեկորների որոնումները:
egypt-air

tert.am — ԱՄՆ-ի հետախուզական արբանյակները պայթյունի վկայություն չեն հայտնաբերել EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռում, հայտնել են ամերիկացի պաշտոնյաները, գրում է Reuters-ը:

Պաշտոնյաները, ովքեր լիազորված չեն եղել հրապարակայնորեն խոսելու հետախուզական տեղեկությունների վերաբերյալ, հայտնել են, որ ԱՄՆ-ն չի բացառում ահաբեկչության, ինչպես նաև մեխանիկական անսարքության վարկածները: Սակայն նրանք հայտնել են, որ արբանյակներից ստացված լուսանկարների և այլ տվյալների նախնական ուսումնասիրությունը չի վկայում ինքնաթիռում խոշոր պայթյունի մասին:

Միջերկրական ծովում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են ինքնաթիռի բեկորների որոնումները:

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը երեկ հայտնել էր, որ Հունաստանի իշխանությունները ջրի վրա լողացող իրեր և փրկարար բաճկոններ են հայտնաբերել, որոնք հավանաբար ինքնաթիռին են պատկանում: Այնուամենայնիվ, ավելի ուշ EgyptAir-ի փոխնախագահ Ահմեդ Ադելը հայտնել է CNN-ին, որ բեկորները չեն հայտնաբերվել և որ հայտնաբերված բաճկոնները չեն պատկանել իրենց ինքնաթիռին:

Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:

*

*