Հունական Կարպատոս կղզու մոտ գտել են ինքնաթիռի բեկորներ

Եգիպտոսի իշխանությունները հայտարարում են, որ եգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռն ավելի հավանական է, որ կործանվել է ահաբեկչության հետեւանքով։
inqnatir-egiptos

Եգիպտոսի իշխանությունները հայտարարում են, որ եգիպտական Egypt Air ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռն ավելի հավանական է, որ կործանվել է ահաբեկչության հետեւանքով, քան տեխնիկական խնդիրների պատճառով:

ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովը եւս հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, սա ահաբեկչություն է։

Ի դեպ, «Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ հունական Կարպատոս կղզու մոտ որոնողական եւ փրկարարական խմբերը գտել են օդանավի բեկորներ:

Հունաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ ինքնաթիռը մինչ ռադարներից անհետանալը երկու կտրուկ շրջադարձ էր կատարել։

Միջերկրական ծովն ընկած  A320-ը Փարիզից Կահիրե էր թռչում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռը ռադարներից անհետացել էր Եգիպտոսի օդային տարածք մտնելուց հետո՝ գտնվելով 11 հազար 300 մետր բարձրության վրա` Միջերկրական ծովի վերեւում: Եվիպտական ավիաընկերությունը հայտնել էր նաեւ, թե ինքնաթիռի անհետացումից 2 ժամ անց աղետի ազդանշան են ստացել՝ օդանավի արտակարգ իրավիճակների դեպքում գործող սարքերից: Սակայն Եգիպտոսի ռազմական աղբյուրները հերքում են լուրը:

Ֆրանսիայի եւ Եգիպտոսի նախագահները պայմանավորվել են սերտորեն համագործակցել՝ հանգամանքները պարզելու համար: Հաղորդվում է, որ ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 66 մարդ` նրանցից 56-ն՝ այդ թվում՝ երեք երեխա, ուղեւորներ են , 7-ը անձնակազմի, 3-ն անվտանգության անդամներ: Ուղեւորների թվում են եղել Եգիպտոսի, Ֆրանսիայի, Իրաքի, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի, Կանադայի, Բելգիայի, Քուվեյթի, Ալժիրի, Պորտուգալիայի, Սուդանի եւ Չադի քաղաքացիներ:

*

*