Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային հարցերի շուրջ համաձայնագրից դուրս գալու մասին

Իսրայելի վարչապետն անվերապահ զորակցություն է հայտնել Թրամփին։
tramp

Քիչ առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային հարցերի շուրջ համաձայնագրից դուրս գալու մասին։

Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության եւ Իրանի միջեւ 2015 թվականին ստորագրված համաձայնագրով` պաշտոնական Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագրերը՝ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների մեղմացման դիմաց:

Դոնալդ Թրամփն այդ համաձայնագիրը «երբեւէ կնքված վատագույն գործարք» էր որակել, ասել, որ այն վերանայման կարիք ունի:

Տարվա սկզբին Թրամփը հայտարարել էր, որ եթե փոփոխություններ չկատարվեն, Նահանգները կդադարեցնի իր մասնակցությունը համաձայնագրին:

Վեցակողմ այս համաձայնագրից դուրս գալով` Վաշինգտոնը սպառնում է վերականգնել Իրանի նկատմամբ տարիներ շարունակ կիրառված պատժամիջոցները, որը տնտեսական նոր ցնցումներ կարող է բերել ինչպես մեր հարավային հարեւանի, այնպես էլ տարածաշրջանի եւ գլոբալ տնտեսական հարաբերությունների մակարդակով։

Եվրոպական տերությունների ղեկավարներն ամեն կերպ փորձում էին կասեցնել այս ընթացքը, սակայն, անզոր եղան Թրամփի առաջ։

Դեռ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնի հրաժարումը կարող է նոր պատերազմի հանգեցնել։ Թրամփի որոշման առիթով առայժմ համաձայնագրի անդամ պետությունների ղեկավարների մեկնաբանություն չկա։

Միայն Իսրայելի վարչապետն է անվերապահ զորակցություն հայտնել Թրամփին։

*

*