Թրամփը չեղյալ է հայտարարել ամերիկյան պատվիրակության այցը Դավոս

...որտեղ հունվարի 22-25-ը կանցկացվի Համաշխարհային տնտեսական հերթական համաժողովը
davos-forum

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել ամերիկյան պատվիրակության այցը Դավոս (Շվեյցարիա), որտեղ հունվարի 22-25-ը կանցկացվի Համաշխարհային տնտեսական հերթական համաժողովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Պատճառը շարունակվող բյուջետային ճգնաժամն է, հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը։

Նախապես ծրագրված էր, որ ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի ինքը՝ Թրամփը, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ այն կգլխավորեն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը եւ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։

Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 21-ից ի վեր ԱՄՆ կոնգրեսը չի հաստատում բյուջեի՝ Սպիտակ տան առաջարկած տարբերակը, որտեղ նախատեսվում է 5.7 միլիարդ դոլարի ֆինանսական հատկացում՝ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու համար։

Ֆինանսական ճգնաժամի պատճառով մոտ 800 հազար պետական ծառայողներ իրենց հաշվին ուղարկվել են արձակուրդ, իսկ դաշնային կառավարությունը մասնակիորեն դադարեցրել է աշխատանքը եւ գտնվում է, այսպես կոչված, shutdown-ի ռեժիմում։

Ի դեպ, Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել նաեւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Բրյուսել եւ Աֆղանստան:

Հավելենք նաեւ, որ Դավոսյան համաժողովում Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

*

*