Կոլումբիացիները դեմ են քվեարկել հաշտության պայմանագրի հաստատմանը

Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 50,24 տոկոսը դեմ է քվեարկել հաշտության պայմանագրի վերջնական հաստատմանը:
columbia-hanraqve

Կլումբիացիները մերժել են կառավարության եւ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ապստամբական խմբավորման միջեւ հաշտության պայմանագիրը, որով պետք է վերջ դրվի 52 տարի տեւած հակամարտությանը: Դրա հետեւանքով 260 հազար մարդ է զոհվել:

Հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 50,24 տոկոսը դեմ է քվեարկել հաշտության պայմանագրի վերջնական հաստատմանը:

Կոլումբիայի նախագահն ու FARC-ի առաջնորդն անցյալ շաբաթ էին ստորագրել հաշտության պայմանագիրը: Նախագահ Խուան Մանուեսլ Սանտոսն ընդունել է հանրաքվեի արդյունքները, միեւնույն ժամանակ նշել, որ շարունակելու է պայքարել՝ խաղաղության հասնելու համար: Սանթոսը նշել է, որ հրադադարի ռեժիմը, ամեն դեպքում, կպահպանեն եւ կշարունակեն բանակցությունները FARC խմբավորման հետ: FARC-ն էլ քննադատել է հանրաքվեի արդյունքները:

Համաձայն Կոլումբիայի կառավարության հետ գործարքի պայմանների, խմբավորումը հրաժարվում է զինված պայքարից ու դառնում քաղաքական կուսակցություն, որը կմասնակցի 2018 թվականի ընտրություններին:

Հաղորդվում է, որ կոլումբիացիները խաղաղության հաստատմանը դեմ չեն, սակայն կարծում են, որ FARC-ի անդամները պետք է բանտարկվեն եւ ոչ թե մտնեն քաղաքականություն ու իշխանություն ստանան:

*

*