Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած մահապարտները Խալիդ եւ Բրահիմ Բակրաուի եղբայրներն են

Հաղորդվում է, որ մահապարտ եղբայրները հայտնի էին ոստիկանությանը եւ նրանց որոնում էին:
bryusel-ahabekchutyun-odanavakayan-mahapart

Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում երկու պայթյուններն իրականացրած մահապարտները Խալիդ եւ Բրահիմ Բակրաուի եղբայրներն են: Այս մասին հաղորդում են բելգիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոստիկանությանը: Իսկ օդանավակայանի հսկման տեսախցիկի ֆիքսած երրորդ անձը հետախուզման մեջ է:bryusel-ahabekich-mahapart

Հաղորդվում է, որ մահապարտ եղբայրները հայտնի էին ոստիկանությանը եւ նրանց որոնում էին: Մահապարտներից մեկը՝ Խալիդ Բակրաունին, օգտագործել էր կեղծ անուն՝ Բրյուսելի Դրիս փողոցում տուն վարձելու համար:

Ի դեպ, հենց այդ բնակարանում էին ոստիկանները մարտի 15-ին խուզարկություններ իրականացրել եւ գտել նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկի՝ Սալահ Աբդեսլամի մատնահետքերը: Վերջինին 3 օր անց ձերբակալել էին:

Լրատվամիջոցներում արդեն շրջանառվում է վարկածը, որ Բրյուսելի պայթյունները կապված են Աբդեսլամի ձերբակալման հետ: Սակայն պաշտոնապես այս վարկածը դեռ չի հաստատվում:

«Իսլամական պետությունը» ստանձնել է Բրյուսելի ահաբեկչության պատասխանատվությունը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին:

Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով կա առնվազն 34 զոհ եւ 250 վիրավոր:

Եվրոպական մի շարք երկրներում համերաշխություն են հայտնում Բելգիային: Մասնավորապես, Փարիզում Էյֆելյան աշտարակը, Հռոմում Տրեւի շատրվանը եւ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասները լուսավորվել են Բելգիայի դրոշի գույներով: Իսկ ահաբեկչությունից հետո Բրյուսելում եռօրյա սուգ է հայտարարվել:

bryusel-drosh-lusavorutyun

*

*