Բրյուսելում ահաբեկչություն իրականացրած մահապարտներից մեկն արտաքսվել էր Թուրքիայից

Թուրքիան մահապարտին արտաքսել էր Նիդերլանդներ, սակայն այդ երկրի իշխանություններն ազատ էին արձակել նրան...
bryusel-ahabekich-turqia-erdoghan-artaqsel

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Բրյուսելում ահաբեկչությունն իրականացնողներից մեկը Թուրքիայից արտաքսվել է 2015 թվականի հուլիսին, երբ բռնվել էր թուրք-սիրիական սահմանին:

Էրդողանն անուն չի նշել, սակայն հետո նրա վարչակազմի ներկայացուցիչն ասել է, որ արտաքսվածը Բրահիմ Բակրաուին է, որն էլ, Բելգիայի ոստիկանության տվյալներով, պայթեցրել է իրեն «Զավենտեմ» օդանավակայանում:

Հաղորդվում է նաեւ, որ Թուրքիան մահապարտին արտաքսել էր Նիդերլանդներ, սակայն այդ երկրի իշխանություններն ազատ են արձակել նրան, քանի որ Բելգիան չի կարողացել հաստատել, որ Բրահիմ Բակրաուին ահաբեկչության հետ որեւէ կապ ունի:

Բելգիայի դատախազությունը հաստատել է՝ օդանավակայանում եւ մետրոյում պայթյուններն իրականացրած մահապարտները Բելգիայի քաղաքացիություն ունեցող Խալիդ եւ Բրահիմ Բակրաուի եղբայրներն են, որոնք նախկինում դատապարտված են եղել: Խալիդն իրեն պայթեցրել էր «Մաելբեկ» մետրո կայարանում, իսկ օդանավակայնում, բացի Բրահիմից, եղել է եւս մեկ մահապարտ, որի ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Իսկ օդանավակայանի հսկման տեսախցիկի ֆիքսած երրորդ անձը, լրատվամիջոցների տեղեկություններով, Նաջիմ Լաշրաուին է, որին դեռ փնտրում են:

Հաղորդվում է, որ նա հասցրել էր պայուսակում թաքցրած պայթուցիկ մեծ սարք տեղադրել Բրյուսելի օդանավակայանում, սակայն այն պայթել էր, երբ մարդկանց արդեն տարհանել էին:

Լաշրաուին կասկածում են նաեւ նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության մահապարտի գոտիները պատրաստելու մեջ:

Ի դեպ, Բրյուսելի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:

*

*