Բրազիլիայի նախագահի իմպիչմենտի գործընթացն ավարտված է

Ռուսեֆի կարծիքով, տեղի ունեցածը հեղաշրջում է իր եւ իր կուսակցության հանդեպ:
brazilia-parlament

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի՝ ավելի քան 3 ամիս տեւած իմպիչմենտի գործընթացն ավարտված է: Սենատը 61 կողմ եւ 20 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկեց Ռուսեֆին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու օգտին՝ պետբյուջեի հաշիվները չարաշահելու համար: Ռուսեֆի կարծիքով, տեղի ունեցածը հեղաշրջում է իր եւ իր կուսակցության հանդեպ:

Այժմ, մինչեւ 2018 թվականի ընտրությունները, Բրազիլիան կղեկավարի արդեն նախկին փոխնախագահ Միշել Տեմերը, որը եւ մայիսից ստանձնել էր նախագահի լիազորությունները: Բրազիլիայի նոր իշխանությունները հետ են կանչել իրենց դեսպաններին Վենեսուելայից, Էկվադորից եւ Բոլիվիայից, քանի որ այդ երկրների կառավարությունները քննադատել էին Դիլմա Ռուսեֆի նկատմամբ կայացված իմպիչմենտի որոշումը: Վենեսուելան, իր հերթին, հետ է կանչել դեսպանին Բրազիլիայից:

Նախագահ Նիկոլաս Մադուրոն նույնպես Բրազիլիայում տեղի ունեցածը հեղաշրջում է որակել, որն, ըստ նրա, ծրագրված էր Միացյալ Նահանգներից: Ի դեպ, Բրազիլիայի տարբեր շրջաններում Ռուսեֆի կողմնակիցները ցույցեր են անցկացնում: Սան-Պաուլո քաղաքում դիմակներ կրող մի խումբ մարդիկ ավերել են բանկերից մեկի շենքը: Ցուցարարները քարեր են նետել իրավապահների եւ ոստիկանական ավտոմեքենաների ուղղությամբ՝ բղավելով «Հեռացիր Թեմեր»: Իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել:

*

*