Բրազիլիայի իշխանափոխությունը անհանգստացրել է հարևան երկրների նախագահներին

Վենեսուելայի նախագահը Բրազիլիայում հեղաշրջման իրականացման մեջ մեղադրում է Միացյալ Նահանգներին:

Բրազիլիայում անցած շաբաթ տեղի ունեցած իշխանափոխությունը դոմինոյի էֆեկտով կարող է ազդել լատինամերիկյան մի շարք այլ երկրների վրա. փորձագետներն են կարծում: Պատահական չէ. Բրազիլիայի 36-րդ նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնազրկման հետ պայմանավորված, Վենեսուելան, Էկվադորը եւ Բոլիվիան հետ կանչեցին իրենց դեսպաններին Բրազիլիայից՝ տեղի ունեցածը պետական հեղաշրջում որակելով: Ի պատասխան՝ Բրազիլիան էլ հետ կանչեց իր դեսպաններին այդ 3 երկրներից:

Քաղաքագիտության դոկոտոր Գեորգի Կոլարովն ասում է՝ Վենեսուելայի, Էկվադորի եւ Բոլիվիայի ղեկավարներն անհանգիստ են. վախենում են, որ այն ինչ կատարվում է Բարզիլիայում, տեղի կունենա նաեւ իրենց երկրներում:

«Նիկոլաս Մադուրոն, Էվո Մորալեսը եւ Ռաֆայել Կորեան մտավախություն ունեն, որ իրենց երկրների խորհրդարաններն էլ կարող են նմանատիպ հեղաշրջում իրականացնել, այդ պատճառով ամենածայրահեղ քայլին գնացին՝ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Բրազիլիայի հետ»,- ասում է քաղաքագետը:

Վենեսուելայում արդեն տասնյակ հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել. պահանջում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողությունը: Ընդդիմությունը նախագահին մեղադրում է Վենեսուելայում տնտեսական խորը ճգնաժամ ստեղծելու մեջ: Մադուրոն էլ, մայրաքաղաք Կարակասի կենտրոնում՝ իր հանրահավաքի ժամանակ, ընդդիմությանը մեղադրեց պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ՝ ասելով, թե իրենց հաջողվել է կասեցնել այն: Ընդդիմության շարքերում արդեն ձերբակալվածներ կան՝ պետական հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով: Ի դեպ՝ Վենեսուելայի նախագահը նաեւ վստահ է, որ Բրազիլիայում հեղաշրջումն իրականացվում է արտաքին ուժերի միջամտությամբ, մասնավորապես՝  Միացյալ Նահանգների: Ռուսաստանում նույնպես կարծիքներ հնչեցին, թե հենց Վաշինգտոնն է խառնվում Բրազիլիայի ներքին գործերին, բայց քաղաքագետ Կոլարովն այդպես չի կարծում:

«Չեմ կիսում այս կարծիքը: Դիլման ինքը համաձայն չէ դրա հետ: Պետք չէ համաշխարհային ամբողջ չարիքը վերագրել Միացյալ Նահանգներին, քանի որ այն արդեն այնքան էլ ուժեղ չէ: Եթե չլիներ պետական Petrobras նավթագազային ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալը, որում ներգրավված են Դիլմայի դաշնակիցները եւ եթե Ռուսեֆը թույլ չտար իր նախարարներին չարաշահումներ անել, գործը սրան չէր հասնի»,- ասում է նա:

Բրազիլիայի Սենատը օգոստոսի 31-ին ժամեր տեւած քննարկումներից հետո 61 կողմ եւ 20 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկեց Դիլմա Ռուսեֆին նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին: Բրազիլիայի առաջին կին նախագահը մեղադրվում է պետբյուջեի միջոցները չարաշահելու եւ տնտեսական քաղաքականության ձախողման մեջ: Ռուսեֆն, իհարկե, հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները, իր նկատմամբ ավելի քան 3 ամիս տեւած իմպիչմենթի գործընթացն էլ հեղաշրջում որակում:

«Սա անկասկած անուղղակի ընտրություն էր, որի ժամանակ 61 սենատորները փոխեցին 54 միլիոն մարդու ընտրությունը: Սա խարդախություն է, որի դեմ մենք բողոքարկելու ենք»,- ասել է Բրազիլիայի արդեն նախկին նախագահը:

Իմպիչմենթի գործընթացը լիովին ավարտված չէ: Դիլմա Ռուսեֆը չի պատրաստվում հաշտվել իրադարձությունների նման զարգացումների հետ, երկրի արդարադատության նախկին նախարար, փաստաբան Ժոզե Էդուրադու Կարդոզուի հետ դիմել է Բրազիլիայի Գերագույն դատարան՝ Սենատի որոշումը բողոքարկելու համար: Ի դեպ՝ փաստաբանի պնդմամբ, չկա որեւէ հիմք Ռուսեֆին կամ Բրազիլիայի նախկին նախագահ, փողերի լվացման մեջ մեղադրվող Լուլա դա Սիլվային քրեական պատասխանատվության ենթարկելու: Իսկ մինչ Ռուսեֆը կփորձի ապացուցել իր անմեղությունը, մինչեւ 2018 թվականի ընտրությունները, Բրազիլիան կղեկավարի նախկին փոխնախագահ Միշել Տեմերը, որը եւ մայիսից, իմպիչմենթի գործընթացի մեկնարկից ի վեր ստանձնել էր նախագահի պարտականությունները:

«Ես ստանձնում եմ Բրազիլիայի նախագահի լիազորությունները՝ Ազգային Կոնգրեսի թափնցիկ ընտրությունից հետո: Սա հույսի, Բարզիլիային ինքնավստահություն վերադարձնելու պահ է: Ժամանակն է միավորել երկիրը»- հայտարարել է Թեմերը:

Ի դեպ՝ Թեմերը նույնպես ապահովագրված չէ. կարող է արժանանալ Ռուսեֆի ճակատագրին: Նրան էլ կոռուպցիոն լուրջ մեղադրաքներն են առաջադրում: Քաղաքագիտության դոկտոր Գեորգի Կոլարովի խոսքով, չի բացառվում, որ մինչեւ 2018 թվականի ընտրությունները Տեմերի նկատմամբ նույնպես իմպիչմենթի գործընթաց սկսվի: Ձախակողմյան «Աշխատավորների կուսակցության» առաջնորդ Դիլմա Ռուսեֆն էլ խոստացել է ընդդիմանալ Բրազիլիայի նոր աջ-կենտրոնամետ կառավարությանը:

Ռուսեֆին պաշտոնանկ անելուց հետո Բրազիլիայի մի շարք քաղաքներում նրա  կողմնակիցները դուրս են գալիս փողոցներ: Ոստիկանների հետ բախումներ, անկարգություններ. այս ամենից խուսափել չի հաջողվում:

Ռուսեֆն արդեն հակահարձակման է անցել: Նա հայտարարել է, որ երբեք ճնշումներ չի գործադրել, հակաժողովրդական միջոցներ չի կիրառել ցուցարարների նկատմամբ՝ ի տարբերություն նոր կառավարության:

*

*