Մեքսիկան քաղաքական ապաստան տրամադրելու առաջարկ է արել Բոլիվիայի՝ հրաժարական տված նախագահ Էվո Մորալեսին: Նա ընդունել է առաջարկն ու Մեքսիկայի կառավարությանը պատկանող ինքնաթիռով լքել երկիրը:
«Թվիթերում» Մորալեսը գրառում է արել, որ ցավով է հեռանում Բոլիվիայից, բայց «կվերադառնա ավելի մեծ էներգիայով ու ուժով»: Սենատի փոխնախագահն էլ հայտարարել է, որ մինչեւ նոր ընտրությունների անցկացումը ժամանակավորապես կնախագահի երկիրը:
Հիշեցնենք, որ 14 տարի Բոլիվիան ղեկավարած Մորալեսը պնդում է, որ հեղաշրջման զոհ է դարձել, ու դրանում ներգրավված է նաեւ երկրի բանակը: Անցյալ ամիս կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Մորալեսը վերընտրվել էր, սակայն երկրում հակակառավարական զանգվածային ցույցեր էին սկսվել: Իրադարձությունների ընթացքը կտրուկ փոխվեց այս կիրակի, երբ տարածաշրջանում կարեւոր կառույց համարվող Ամերիկյան պետությունների կազմակերպությունը հայտարարեց, որ ընտրակեղծիքներ է հայտնաբերել, ու Բոլիվիայի ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչել:
Մորալեսը համաձայնել էր նոր ընտրություններ անցկացնել, սակայն նրա գլխավոր մրցակից Կառլոս Մեսան պահանջել էր, որ Մորալեսը չմասնակցի ընտրություններին: Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն էլ կոչ էր արել նախագահին հրաժարական տալ հանուն խաղաղության ու կայունության:
Իր լիազորությունները վայր դնելուց հետո Մորալեսը հորդորել է իր աջակիցներին ընդդիմանալ իրեն հրաժարական պարտադրած «մութ ուժերին»:
Հեղինակ՝
Անահիտ Իվանյան