Մերկելի կուսակցությունը պարտվել է Բեռլինի ՏԻՄ ընտրություններում

Չի բացառվում, որ Բեռլինի խորհրդարանում կոալիցիա ձեւավորեն սոցիալ-դեմոկարտները, ձախերի ու կանաչների կուսակցության հետ միասին:
Germani-tim

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը պարտություն է կրել Բեռլինի տարածաշրջանային խորհրդարանի ընտրություններում:

Քրիստոնեա-դեմոկրատական միությունն իր պատմության ընթացքում ամենավատ արդյունքն է գրանցել Գերմանիայի մայրաքաղաքում: Հավաքել է ձայների մոտ 18 տոկոսը՝ զբաղեցնելով երկրոդ տեղը: Իսկ ահա Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ինչպես եւ սպասվում էր, հաղթել է Բեռլինի ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 22 տոկոսը:

«Այլընտրանք Գերմանիայի համար» աջերի կուսակցությանը, իր հակամիգրացիոն քաղաքականության շնորհիվ, հաջողվել է ձայներ խլել կանցլերի կուսակցությունից, եւ առաջին անգամ մտնել Բեռլինի խորհրդարան: Այն ստացել է քվեների 14,2 տոկոսը:

Ի դեպ, Անգելա Մերկելի վարկանիշը Գերմանիայում զգալիորեն ընկել է՝ գաղթականների առջեւ իր, այսպես ասած, բաց դռների քաղաքականության հետեւանքով: Բեռլինի խորհրդարան են մտել նաեւ ձախերի եւ կանաչների կուսակցությունները: Մինչ այս Բեռլինում իշխում էր սոցիալ-դեմոկրատների եւ քրիստոնեա-դեմոկրատների կոալիցիան: Սակայն վերլուծաբանների կարծիքով, այս ընտրություններից հետո դժվար թե քրիստոնեա-դեմոկրատները մնան իշխանության ղեկին: Չի բացառվում, որ Բեռլինի խորհրդարանում կոալիցիա ձեւավորեն սոցիալ-դեմոկարտները, ձախերի ու կանաչների կուսակցության հետ միասին:

*

*