Բրյուսելում ձերբակալել են Փարիզի ահաբեկչության երկու կասկածյալների

Բելգիայի ոստիկանությանը վերջապես հաջողվել է ձերբակալել ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկին...
salah-abdesalam-brussel-dzerbakalel

Բելգիայի ոստիկանությանը վերջապես հաջողվել է ձերբակալել նախորդ տարի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկին՝ Սալահ Աբդեսլամին:

Նրան բռնել են Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում, որտեղ մահմեդականների մեծ համայնք կա: 26-ամյա Աբդեսլամը նույնպես մեծացել է այդ բնակավայրում: Անվտանգության ուժերի եւ կասկածյալի միջեւ սկսված փոխհրաձգության հետեւանքով, Աբդեսլամը վիրավորվել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ոստիկանները վիրավորել եւ ձերբակալել են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության եւս մեկ կասկածայալի՝ Մոնիր Ահմեթ Ալաաջին: Բերման են ենթարկվել նաեւ Սալահ Աբդեսլամի ընտանիքի երեք անդամաները, որոնք օգնել էին նրան թաքնվել:

Ոստիկանները որոշել էին Մոլենբեկում հատուկ գործողություններ ձեռնարկել, երբ երեքշաբթի Բրյուսելի մեկ այլ թաղամասում, խուզարկություններ իրականացնելու ժամանակ, գտել էին Աբդեսլամի մատնահետքերը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իրենք կդիմեն Բելգիայի իշխանություններին՝ Աբդեսլամին Ֆրանսիա արտահանձնելու հարցով: Օլանդը նշել է նաեւ, որ իրենց պայքարը չի ավարտվելու, մինչեւ Փարիզի ահաբեկչության կազմակերպման մեջ ներգրավված բոլոր անձինք չձերբակալվեն:

130 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»:

*

*