Բելառուսի դատախազությունը հակասում է Լուկաշենկոյի հայտարարությանը

Միջազգային լրատվամիջոցների քննարկման կենտրոնում է հայտնվել փաստը, որ Լապշինը Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չի եղել:
belarusiayi-datakhazutyun

Միջազգային լրատվամիջոցների քննարկման կենտրոնում է հայտնվել փաստը, որ Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ չի եղել:

EurAsiadaily-ի «Լուկաշենկոն ստեց, բլոգեր Լապշինը Ինտերպոլով չէր հետախուզվում» վերտառությամբ հոդվածում, հղում անելով Հայաստանի ոստիկանության հայտարարությանը, նշվում է.

«Բելառուսի նախագահի հայտարարությունը շարքային ապատեղեկատվություն էր»: Լուկաշենկոն, հիշեցնենք, փետրվարի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «Ադրբեջանը չի դիմել Բելառուսին, այլ դիմել է Ինտերպոլ»:

«Մենք Ինտերպոլի որոշման հիման վրա նրան (Լապշինին) ձերբակալել ենք և ընդունված կարգի համաձայն կփոխանցենք Ադրբեջանին»,- ասել էր Բելառուսի ղեկավարը: Իսկ հիմա Լուկաշենկոյի՝ փետրվարի 3-ին հնչեցրած հայտարարությանը հակասում է ոչ միայն Ինտերպոլի բացահայտումը, այլ նաև Բելառուսի դատախազությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակման համաձայն՝ Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտարարել է.

«Բելառուսում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված Ալեքսանդր Լապշինը ոչ թե միջազգային հետախուզման մեջ է եղել, այլ՝ միջպետական: Քաղաքացի Լապշինը ձերբակալվել է միջպետական հետախուզման մեջ լինելու պատճառով՝ ԱՊՀ պետությունների միջև գործող համաձայնագրերի հիման վրա»:

*

*