Լապշինը բողոքարկել է Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը

Բողոքարկումը կուսումնասիրվի Մինսկի քաղաքային դատարանում հունվարի 26-ին:
lapshin

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը` Ադրբեջան արտահանձնելու պաշտոնական Բաքվի պահանջը բավարարելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի բելառուսական ծառայությունը` հղում անելով Մինսկի քաղաքային դատարանին:

«Լապշինի բողոքարկումը հասել է Մինսկի քաղաքային դատարան»,- Sputnik-ին հայտնել է քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը: Նա տեղեկացրել է, որ բողոքարկումը կուսումնասիրվի Մինսկի քաղաքային դատարանում հունվարի 26-ին` փակ դատական նիստում:

Լապշինի պաշտպանությունն իրականացնում են իսրայելցի և ռուսաստանցի փաստաբանները: Համաձայն բելառուսական օրենսդրության` նա նաև կարող է բողոք ներկայացնել Բելառուսի Գերագույն դատարան:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ովբնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

*

*