2016 թվականի վեց ազդեցիկ գործիչները

Նրանք ղեկավարում են ընդամենը մեկ երկիր, սակայն նրանց լսում են ամենուրեք, նրանք հայտնվում են իրադարձությունների կիզակետում...

Նրանք ղեկավարում են ընդամենը մեկ երկիր, սակայն նրանց լսում են ամենուրեք, նրանք հայտնվում են իրադարձությունների կիզակետում, նրանց քայլերից, հայտարարություններից ու որոշումներից է կախված իրադարձությունների զարգացումն աշխարհում: Ո՞ր երկրների առաջնորդներն աչքի ընկան 2016 թվականին, ո՞ր հատկանիշներն առանձնացրեց նրանց մյուս ղեկավարներից: «Երկիրն այսօր»-ն առանձնացրել է 2016 թվականի 6 ազդեցիկ գործիչներին:

***

Ամենաէսցենտրիկ նախագահն, իհարկե, Ռոդրիգո Դուտերտեն է. անցնող տարի մայիսին ընտրված Ֆիլիպինների այս նախագահն իր պաշտոնավարման հաշված ամիսների ընթացքում հասցրեց աչքի ընկնել հանդուգն, վիճահարույց, սկանդալային հայտարարություններով, ինտրիգներով: «Անբարոյականի որդի» անվանեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, Հռոմի Ֆրանցիսկոս պապին, հայհոյեց Եվրամիությանը, ՄԱԿ-ին, ինքն իրեն համեմատեց Ադոլֆ Հիտլերի հետ, Ֆիլիպիններում արյունալի պատերազմ հայտարարեց թմրամոլներին, անգամ խոստովանեց՝ նրանցից մի քանիսին անձամբ է սպանել:

***

Հյուսիսային Կորեայից ու այդ երկրի նախագահ Կիմ Չեն Ընի մասին լուրերը սակավաթիվ են: Կիմ Չեն Ընի ձայնն աշխարհը հազվադեպ է լսում, փոխարենը՝ նրա փորձարկած յուրաքանչյուր հրթիռի ձայնից ցնցվում է միջազգային հանրությունը: Փհենյանի միջուկային փորձարկումները զսպելու համար անցնող տարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձեւեր ընդունեց, թեեւ Կիմ Չեն Ընին դրանք այնքան էլ չմտահոգեցին: Միայն թե, այդ մասին տեղեկանում ենք կորեական հեռուստատեսության հաղորդավարների բամբ ձայնով ընթերցած տեքստերից։

***

2016-ի ամենաքննարկված անուններից մեկը Դոնալդ Թրամփինն էր: Նախընտրական քարոզարշավ, ընտրություններ, հետընտրական անցուդարձ. ողջ տարվա ընթացքում Դոնալդ Թրամփն ուշադրության կենտրոնում էր՝ իր ոչ պակաս վիճահարույց հայտարարություններով, սոցիալական ցանցերում ցուցաբերած ակտիվությամբ: Շոուբիզնեսի կյանքին ծանոթ Թրամփը գիտի, թե ինչպես իր ելույթներից լավ ներկայացում սարքել՝ դիտակետում հայտնվելու համար: Թրամփի՝ սկանդալային լինելու փաստն էլ, անկասկած, նպաստեց Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում նրա գրանցած հաջողությանը: Համեստությամբ չփայլող շոումենը Նահանգները կսկսի կառավարել հունվարի 20-ից:

***
Անցնող տարվա ընթացքում ամենաքննադատված ղեկավարն, իհարկե, Թուրքիայինն էր: Բոլորին մեղադրելու, սպառնալու մեծ երկրպագու Ռեջեփ Էրդողանը հենց ինքը հայտնվեց միջազգային հանրության քննադատությունների կենտրոնում: Բացի իր երկրի ներսում վարած բռնատիրական քաղաքականությունից՝ լրագրողներին, քաղաքական գործիչներին եւ իր համար ոչ ցանկալի մարդկանց բանտ գցելուց, Էրդողանն իրեն ցույց էր տալիս նաեւ դրսում: Դատի տվեց եվրոպացի երգիծաբանի, լրագրողների, քանի որ վերջինների հոդվածները, երգիծական բանաստեղծություններն իրեն դուրեկան չէին: 2016-ի ընթացքում Թուրքիայի նախագահի, այսպես ասած, մեղավորների ցանկում հայտնվեցին Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Սիրիան, Իրաքը, ողջ Եվրոպան, միջազգային կազմակերպություններ, որոնք բոլորն էլ ինչ-ինչ հարցերում չէին աջակցել Թուրքիային: Չակերտավոր մեղավորներն էլ հանգիստ չէին նստում, պատասխան քննադատություններ հնչեցնում:

***

Նրա հետ հաշվի են նստում, ցանկացած, այս տարի հատկապես՝ սիրիական հակամարտության կարգավորման հարցում, նրան մեղադրում են այլ երկրների ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ, նրա հետ բանակցում են՝ անվտանգության հաստատման ու պահպանման հարցով, նրան մեղադրում են սադրիչ գործողությունների դիմելու եւ հակամարտություններ հրահրելու մեջ: Իսկ նա Վլադիմիր Պուտինն է: Ռուսաստանի նախագահի ազդեցիկության գաղտնիքը նրա հակասական կերպարի մեջ է:

***

Նրա հեռացումը պահանջում էին Բարաք Օբաման, որը հունվարի 20-ին կհեռանա, Հիլարի Քլինթոնը, որը չընտրվեց Միացյալ նահանգների նախագահի պաշտոնում, Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որը հեռացավ պաշտոնից։ Իսկ նա` կա։ Բաշար Ասադի համառությունը տեղի չտվեց նույնիսկ միջազգային հանրության ճնշումներին: Շարունակեց պաշտոնավարել եւ հասավ մասնակի հաջողության: 2016 թվականի վերջին՝ 4 տարի անց, Ասադի վարչակազմն իր ամբողջական վերահսկողությունը վերջապես հաստատեց Սիրիայի երբեմնի արդյունաբերական մայրաքաղաքի՝ Հալեպի վրա:

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողությունից ազատագրեցին նաեւ պատմական Պալմիրա քաղաքը, սակայն ինն ամիս անց կրկին կորցրեցին այն: Սա էլ, թերեւս, պետք է դասել Ասադի անհաջողությունների շարքին: Իսկ ավելի քան 5 տարի ընթացող պատերազմում Հալեպի ազատագրումը մեծ առաջընթաց էր սիրիական բանակի համար, թեեւ փաստենք՝ սիրիական պատերազմն այդպիսով չավարտվեց: 2017 թվականին Բաշար Ասադը մտադիր է նոր շրջաններ ազատագրել Սիրիայում:

Հեղինակ՝

Մարինե Մելիքսեթյան

*

*