Այստեղ կանոններն ու օրենքները երբեք չի կարելի շրջանցել

Աղբի տեսակավորումն այս երկրում բոլորի գործն է
aghb (1)

Ամերիկյան կենցաղի ամենակարեւոր կանոններից մեկը աղբի տեսակավորումն է։ Լինի տանը, փողոցում` բոլորն են պարտավոր առանձին աղբամանների մեջ գցել սովորական ու վերամշակման ենթակա աղբը։

Աղբի տեսակավորումն այս երկրում բոլորի գործն է՝ պետությունը իր բաժինն է անում, հասարակությունը` իրենը։ Բոլորն անխտիր երկու տարբեր աղբամաններ ունեն իրենց տներում, հասարակական բոլոր վայրերում, անգամ փողոցներում՝ առաջինը պլաստիկե ապրանքների, երկրորդը` սովորական աղբի համար։

Ու թեեւ  ավելորդ ժամանակ չծախսելու համար կարելի է նաեւ մեկ-մեկ փոքրիկ խաբեությունների դիմել՝ ասենք խառնել աղբի բոլոր տեսակները, բայց այստեղ ապրողները, անգամ վստահ լինելով, որ ոչ ոք չի էլ իմանա՝ ում  չտեսակավորված աղբն են տարել աղբատարները, երբեք նման  բան չեն անի, եւ գիտեք ինչու, որովհետեւ այստեղ կանոններն ու օրենքները երբեք չի կարելի  շրջանցել ՝ սա ամերիկյան հասարակության ոսկե կանոններից է…

aghb 1 (1)

Այս հարցում պատասխանատու է նաեւ պետությունը՝ աղբահանությունն Ամերիկայում  չի դադարում անգամ ձմռան բուք ու բորանին։ Շաբաթվա ընթացքում երկու անգամ սովորական աղբն են տանում աղբատարները, ամեն  չորեքշաբթի էլ` վերամշակման ենթակա։

Շրջակա միջավայրը մաքուր պահելն այստեղ բոլորի պարտականությունն է, եւ այս մեխանիզմը գործում, որովհետեւ, երբ տանը աղբ կա հավաքված, ոչ ոք չի մտածում, որ ճիշտ տարբերակը գիշերը աննկատ  պատուհանից փողոց շպրտելն է, կամ մեքենայի մեջ կուտակված պլաստիկե շշերը մեքենայի պատուհանից նետելը, որովհետեւ պետությունն էլ իր հերթին գիտի` եթե մի օր ժամանակին աղբը չտանի, քաղաքացու պայքարը ֆեյսբուքում  «ստատուս» գրելով ու  իրենց բակում կուտակված աղբը նկարելով  չի սահմանափակվի։

Հայաստանում աղբահանության այս մոդելի մասին շատ են խոսում, այն կիրառելու ծրագրեր մշակում, բայց սա երբեք չի գործի, քանի դեռ մենք այս հարցում չենք փոխել մեր մտածելակերպը։

ՍՈՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄՆ

 

 

 

*

*