Ավստրիան կանցլերի պարտականությունները կկատարի ֆինանսների նախարարը

Կուրցը կառավարեց 525 օր
hartvig-leger

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենը պաշտոնից ազատել է երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցին ու լուծարել նրա կառավարությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ավստրիայի խորհրդարանն անվստահություն էր հայտնել Կուրցի վարչակազմին: Ավստրիայի նախագահը հանձնարարել է ֆինանսների նախարար Հարթվիգ Լյոգերին կատարել կանցլերի պարտականությունները, մինչեւ որ երկրի կառավարության ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի, որն էլ կպաշտոնավարի մինչեւ աշնանը նախատեսված արտահերթ ընտրությունները:

Քաղաքական այս սկանդալի պատճառը գերմանական լրատվամիջոցների տարածած տեսանյութն էր, որում Ավստրիայի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շթրախեն 2017-ի խորհրդարանական ընտրություններում քաղաքական աջակցության դիմաց՝ ռուս մեծահարուստ կնոջը մասնաբաժիններ է խոստանում պետական պատվերներում: Այս սկանդալից հետո Շթրախեն հրաժարական էր տվել, իսկ Կուրցը խզել նրա կուսակցության հետ կոալիցիոն համաձայնագիրը:

Նշենք, որ Սեբաստիան Կուրցը, 2017 թվականին ընդամենը 31 տարեկանում ստանձնելով Ավստրիայի կանցլերի պաշտոնը, համարվում էր աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարը:

Նա նաեւ հետպատերազմյան Ավստրիայի ամենաքիչ կառավարած ղեկավարն է, պաշտոնավարել է 525 օր:

*

*