Ուսումնական տարվա առաջին օրն աշխարհի տարբեր երկրներում

Գիտելիքի օրն աշխարհի տարբեր երկրներում յուրովի են նշում. ե՞րբ եւ ինչպե՞ս է անցկացվում...

Հայաստանում Գիտելիքի և դպրության օրը նշվում է սեպտեմբերի մեկին: Ինչպես՝ բոլորս գիտենք: Հետաքրքիր է իմանալ՝ ե՞րբ և ինչպե՞ս է անցկացվում ուսումնական տարվա առաջին օրն աշխարհի տարբեր երկրներում:

Լեհաստանում ընդունված չէ սեպտեմբերի մեկին ծաղիկներ նվիրել ուսուցիչներին, տոնախմբություն նույնպես չի լինում: Սովորաբար ուսուցչին նվիրում են որևէ օգտակար կենցաղային իր:

Չեխիայում սեպտեմբերի մեկին դաս չի լինում: Առաջին դասարանցիների համար կազմակերպվում է համերգ՝ ծաղրածուների մասնակցությամբ: Այն առաջին դասարանցիները, ովքեր գնում են դպրոց 6 տարեկանից, պարտադիր չէ, որ գրել և կարդալ իմանան: Այստեղ կարևոր պայման է հոգեբանի հետ զրույցը, որի ընթացքում պետք է պարզ դառնա երեխան պատրա՞ստ է սպասվող ծանրաբեռնվածությանը, թե՝ ոչ:

Գերմանիայում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին, հստակ սահմանված օր չկա: Յուրաքանչյուր տարի օրը որոշում է դաշնային իշխանությունը, որպեսզի երեխաները, մինչև անձրեւների սկսելը, կարողանան հնարավորինս երկար վայելել արեւոտ եղանակը:

Ուսումնական առաջին օրն աշակերտներն իրենց հետ տանում են թղթե փաթեթներ, որոնց մեջ ոչ միայն այն իրերն են, որոնք կարող են պետք գալ դպրոցում, այլև՝ քաղցրավենիք: Այս ավանդույթը 100 տարվա վաղեմություն ունի:

Իռլանդիայում ուսումնական տարին սկսվում է առանց ծաղիկների ու հատուկ տոնակատարության: Կարեւորը, որ ուսումնական տարին երբեք չսկսվի  երկուշաբթի օրվանից: Պատճառն այն է, որ երկուշաբթին համարվում է «հոգիների օր»:

Ճապոնիայում աշակերտները գնում են դպրոց ապրիլին, իսկ ուսումնական տարին ավարտվում է մարտին:

Իսպանիայում երեխաները գնում են դպրոց սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին, երբ բերքահավաքն ավարտվում է: Ուսումնական տարվա առաջին օրն այստեղ տոն չի համարվում։

Պատրաստեց

ԱՐԱՔՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

*

*