Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Օգոստոսի 26-ին հետաքննությունը կմիջնորդի, որ դատարանը ձեռնարկատիրոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի կալանքի տակ վերցնելը:
Moskva-bank

Քննիչները գործարար Արամ Պետրոսյանին Սիթիբանկի մոսկովյան բաժանմունքում պատանդառության մեղադրանք են ներկայացրել: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի (ՌՀԿ) մամուլի ծառայությունում:

«ՌՀԿ-ի Մոսկվայի գլխավոր հետաքննչական վարչության կողմից շարունակվում է 55-ամյա Արամ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն (երկու եւ ավելի պատանդներ վերցնելը՝ առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ) կատարելու մեջ»,-ասել է մամուլի ծառայության աշխատակիցը:

Նա հավելել է, որ օգոստոսի 26-ին հետաքննությունը կմիջնորդի, որ դատարանը ձեռնարկատիրոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի կալանքի տակ վերցնելը:

Օգոստոսի 24-ի երեկոյան ոստիկանությանը հայտնել են, որ անհայտ մի տղամարդ Մոսկվայի կենտրոնում պատանդներ է պահում Սիթիբանկի բաժանմունքում: Հետաքննության վարկածով Պետրոսյանը պատանդ էր վերցրել չորս մարդու՝ սպառնալով պայթեցնել ուղղանկյուն մի առարկա, որը նման էր պայթուցիկ սարքի եւ գտնվում էր նրա կրծքին: Մի քանի ժամից նա բաց է թողել բոլոր պատանդներին եւ դուրս եկել շենքից:

Հետաքննության ժամանակ Պետրոսյանը պարզաբանել է, թե ուզում էր ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա եւ չէր ցանկանում սպանել պատանդներին: Այնուհետեւ նա ամբողջությամբ ընդունել է մեղքը:

Որպես առաջնահերթ դրդապատճառ քննիչները դիտարկում են գործարարի ծանր ֆինանսական վիճակը եւ տարբեր բանկերի հանդեպ վարկային պարտավորությունները կատարելու անհնարինությունը:

Ինչպես ավելի վաղ «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր, Պետրոսյանը չորս տարի առաջ բիզնեսի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ պարտքերի տակ ընկել: Աղբյուրի խոսքով՝ այդ ժամանակվանից Պետրոսյանը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցմանը միտված նախաձեռնություններ էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: «Ամենայն հանավանականությամբ, ոչ մի պատասխան չստանալով, նա որոշել է իր վրա ուշադրություն գրավել՝ հարձակում կատարելով բանկի վրա»,-ասել է աղբյուրը:

*

*