Ամերիկյան զենքը՝ քրդերի ձեռքին. Անկարան զայրացած է

Թրամփը տվել է իր հավանությունը՝ զինել քրդական խմբավորումներին։
qrder

Միացյալ Նահանգները որոշել է զենք մատակարարել Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ կռվող քուրդ մարտիկներին: Պենտագոնը հայտնել է, որ նախագահ Թրամփը տվել է իր հավանությունը՝ զինել «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» դաշինքի մեջ մտնող քրդական խմբավորումներին, որպեսզի վերջիններն օգնեն սիրիական Ռաքքա քաղաքից դուրս մղել «Իսլամական պետության» զինյալներին:

«Սիրիայի ժողովրդավարական ուժերին» առաջնորդում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները»: Նրանց զինելու Վաշինգտոնի որոշումը չէր կարող չզայրացնել Անկարային, որն այդ խմբավորումն ահաբեկչական է համարում: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, թե «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» ձեռք բերած յուրաքանչյուր զենքը սպառնալիք է Թուրքիայի համար:

Թուրքիայի փոխվարչապետն էլ Վաշինգտոնի որոշումն անընդունելի է որակել: Պենտագոնից հայտնել են, որ ցանկանում են Թուրքիայի բնակիչներին եւ կառավարությանը հավաստիացնել՝ Միացյալ Նահանգները լի է վճռականությամբ կանխելու լրացուցիչ սպառնալիքները եւ պաշտպանելու ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցին:

Ռեջեփ Էրդողանը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում պատրաստվում է քննարկել հարցը Դոնալդ Թրամփի հետ:

*

*