Սամվել Կարապետյանի անունն ընդգրկվել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ԱՄՆ ցուցակում

Ինչպես նաեւ՝ Մեդվեդեւ, Շոյգու, Լավրով, Խաչատուրով, Գալիցկի, Ռոտենբերգ եղբայրներ...
amn-kongres

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին ներկայացրել է «կրեմլյան զեկույցը», որում ներառված է 210 անուն:

Սա ԱՄՆ ֆիննախի տարեկան զեկույցն է, որը իրավական ուժ չունի, բայց հաշվի է առնվում՝ որոշումներ ընդունելիս։ Ցուցակում ներառված մարդիկ, ըստ զեկույցի, խնդիրներ չեն ունենա՝ հաշիվների կամ վիզաների հարցում, սակայն չեն կարողանա գործարքներ իրականացնել ամերիկյան ու եվրոպական բանկերի հետ։

ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակում» ներառված է ՌԴ-ի 114 բարձրաստիճան պաշտոնյաների եւ պետական ընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ 96 օլիգարխների անուններ:

Ցանկում են նախարարների խորհուրդը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ։

«Կրեմլյան ցուցակում» ներառված է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարությունը (Վայնո, Գրոմով, Պեսկով, Սուրկով): Նաեւ ցանկում տեղ են գտել Մատվիյենկոն, Վոլոդինը, Սեչինը, Միլլերը, Նարիշկինը եւ Բորտնիկովը:

ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը ռուս օլիգարխների ցուցակում ներառել է 96 անուն, նրանք «կրեմլյան զեկույցի» մաս են դարձել: «Օլիգարխների ցուցակի» ֆիգուրանտների թվում են՝ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ձեռնարկատերեր Ռոտենբերգ եղբայրները, Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը եւ «Կասպերսկու լաբորատորիայի» ստեղծող Եվգենի Կասպերսկին:

Փորձագետների կարծիքով՝ նշված ցուցակում ներառվելը, նույնիսկ եթե դրանում տեղ գտած անձանց նկատմամբ չկիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ, հետեւանքներ կունենա: Մասնավորապես, նոր միջոցները սպառնում են էլ ավելի կրճատել այդ անձանց մասնակցությունը արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ գործառնություններին, քանի որ վարկային կազմակերպությունները, ի դեմս նրանց, կտեսնեն փաստորեն պատժամիջոցների տակ գտնվող անձանց:

*

*