ԱՄՆ-ն ու ՌԴ-ն մեղադրում ու սպառնում են միմյանց

Դոնալդ Թրամփը նախօրեին սպառնացել էր առաջիկա 24-ից 48 ժամվա ընթացքում որոշում կայացնել
rd-amn-patjamijoc

«Միացյալ Նահանգներին ծանր հետեւանքներ են սպասում Սիրիայի դեմ ուժի կիրառման դեպքում»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ պնդելով, որ Դումա քաղաքում քիմիական զենք չի կիրառվել: Նա նշել է, որ այդ հարձակումը բեմադրված է եղել:

Մինչդեռ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին մեղադրել է Դամասկոսի դաշնակից Մոսկվային՝ ասելով, որ «Ռուսաստանի խղճին է սիրիացի երեխաների արյունը», իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «հրեշ» է անվանել:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին  սպառնացել էր առաջիկա 24-ից 48 ժամվա ընթացքում որոշում կայացնել, թե ինչ հակահարված կտա Սիրիայի իշխանություններին՝ Դումայում խաղաղ բնակչության դեմ հանգստյան օրերին ենթադրաբար քիմիական զենքի կիրառման հետ կապված: Նա Սիրիայի իրադրության պատճառով անգամ չեղարկել է ուղեւորությունը Լատինական Ամերիկա:

Թե′ Ռուսաստանը, եւ թե′ Սիրիան շարունակում են հերքել Սիրիայի Դումայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ Արեւմուտքի պնդումները: Ի դեպ, սոցցանցերում տարածվել են տեսանյութեր, թե ինչպես էին մի քանի տարի առաջ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայում սովորեցնում երեխաներին՝ ձեւացնել, թե թունավորված են քիմիական նյութերով:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*