Օբաման պատմական այց է կատարել Կուբա

Օբաման առաջին ԱՄՆ նախագահն է, որ 1928 թվականից հետո այցելում է Կուբա:
obama-ayc-amn-kuba

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մարտի 20-ին պատմական այց է կատարել Կուբա: 1928 թվականից հետո Օբաման առաջին ԱՄՆ նախագահն է, որ այցելում է այդ երկիր:

«Մոտ 90 տարի է անցել, ինչ ԱՄՆ նախագահը կրկին ոտք դրեց Կուբայում: 1928 թվականին Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Կալվին Կուլիջին 3 օր էր պետք նավով Կուբա հասնելու համար: Իսկ ես այստեղ հասա 3 ժամում»,- Հավանայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ասել է Օբաման:

Կնոջ եւ երկու դուստրերի հետ Կուբա ժամանած Օբաման հավելել է, որ սա պատմական հնարավորություն է երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար: ԱՄՆ-ը եւ Կուբան անցյալ տարվա հուլիսին են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 55 տարի առաջ Կուբայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո:

Օբամայի Կուբա այցը կտեւի 3 օր: Չնայած անձրեւին, նա ընտանիքի հետ հասցրել է շրջել Հավանայում:

Իսկ նրա այցից ժամեր առաջ Հավանայի փողոցներում բողոքի ակցիա էր անցկացվել: «Կանայք՝ սպիտակ հագուստով» խմբավորման անդամները պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ավելի քան 50 մարդ բերման է ենթարկվել:

*

*