Թրամփի  առաջին արտասահմանյան շրջագայությունը՝ ԱՄՆ-ի նախագահի կարգավիճակում

Դոնալդ Թրամփը «կպաշտպանի Ամերիկայի տնտեսական առաջատարությունը»։
donald-tramp

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին շրջագայության Է մեկնում Մերձավոր Արեւելքի երկրներ եւ Եվրոպա, որը կդառնա նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում։

Սպասվում Է, որ մայիսի 20-ին ԱՄՆ-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում հանդիպում կունենա այդ երկրի Սալման բեն Աբդել Ազիզ աս Սաուդ թագավորի հետ: Երեկոյան Թրամփը եւ նրա տիկինը՝ Մելանյան, հրավիրված են թագավորական ընտանիքի հետ հանդիսավոր պաշտոնական ընթրիքի:

Հաջորդ օրը պլանավորված են ԱՄՆ-ի նախագահի հանդիպումները Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ղեկավարների հետ: Մայիսի 21-ի կեսօրին Թրամփը ճառով հանդես կգա 50-ից ավելի իսլամական երկրների ղեկավարների առջեւ:

Թրամփի հաջորդ կանգառը կլինի Իսրայելում, ուր նա ուղեւորվելու Է մայիսի 22-ին: Երուսաղեմում նա հանդիպում կունենա Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ: Նա կայցելի Հոլոքոստի «Յադ վա-Շեմ» թանգարան, ավելի ուշ նրան կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Մայիսի 23-ին Միացյալ Նահանգների նախագահը Բեթղեհեմում հանդիպում կանցկացնի Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:

Մայիսի 24-ին ԱՄՆ-ի նախագահը կայցելի Վատիկան, որտեղ նրան կընդունի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հռոմից Բրյուսել ուղեւորվելուց առաջ Թրամփը հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ:

Մայիսի 25-ին Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Գագաթաժողովի շրջանակներում, մասնավորապես, ճաշկերույթ Է պլանավորված Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սա կլինի երկու ղեկավարների առաջին հանդիպումը: Բացի այդ, Բելգիայի մայրաքաղաքում կկայանան Թրամփի հանդիպումները Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ, ինչպես նաեւ Բելգիայի Ֆիլիպ թագավորի եւ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ:

Նախքան Իտալիա վերադառնալը, որտեղ մայիսի 26-27-ին կանցկացվի «յոթի խմբի» գագաթաժողովը, ԱՄՆ-ի նախագահը եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համար կազմակերպվող հանդիսավոր ընթրիքին:

Սպասվում Է, որ G7-ի գագաթաժողովում Դոնալդ Թրամփը «կպաշտպանի Ամերիկայի տնտեսական առաջատարությունը, ինչպես նաեւ ուշադրություն կհատկացնի առեւտրի հարցերին»:

Մայիսի 27-ին ԱՄՆ-ի նախագահը կվերադառնա Վաշինգտոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

*

*