ԱՄՆ միջանկյալ ընտրություններ. դեմոկրատները «գրավում են» Կոնգրեսը

«Դեմոկրատական» կոնգրեսը կարող է խոչընդոտել հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի օրենսդրական նախաձեռնությունները
qvearkutyun-amn2 (1)

ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացվել են միջանկյալ ընտրություններ, որոնց արդյունքում վերընտրվելու են 100 սենատորներից 35-ը, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների ու տարածքների 39 նահանգապետներ, ինչպես նաեւ նահանգների օրենսդրական ժողովների 6073 անդամներ, դատավորներ ու դպրոցական օկրուգների խորհուրդների անդամներ:

Ամերիկյան առաջատար հեռուստաընկերությունների կանխատեսումներ են արել, որոնք փոքր շեղումներով, բայց համընկնում են վերջնարդյունքների հետ: Ըստ ABC-ի եւ NBC-ի՝ Սենատում հանրապետականները կշարունակեն մեծամասնություն կազմել՝ ստանալով 52 տեղ։

Ներկայացուցիչների պալատում՝ CNN-ի կանխատեսմամբ՝ դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 138։  NBCդեմոկրատներին «տալիս է» 229, հանրապետականներին՝ 206 տեղ։ Կոնգրեսում վերահսկողություն ունենալու համար քաղաքական այս կամ այն ուժին անհրաժեշտ է առնվազն 218 տեղ։

Ըստ վերլուծաբանների՝ «դեմոկրատական» կոնգրեսը կարող է խոչընդոտել հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփի օրենսդրական նախաձեռնությունները, սակայն, հաշվի առնելով, որ Սենատում հանրապետականները կշարունակեն մեծամասնություն կազմել, ապա, ըստ ամենայնի, երկու կուսակցությունները պետք է փոխհամաձայնեցված աշխատեն։

Մինչ այս ընտրությունները՝ հանրապետականները մեծամասնություն էին կազմում Ներկայացուցիչների պալատում՝ ունենալով 236 մանդատ դեմոկրատների 193-ի դիմաց, վեց տեղ թափուր Է: Սենատում հանրապետականներն ունեն աննշան գերակշռություն՝ 51 ձայն՝ դեմոկրատների 47-ի դիմաց եւ երկու անկախ սենատորներ, որոնք սովորաբար միություն են կազմում դեմոկրատների հետ:

2017-ի հուլիս ամսվա տվյալներով՝ ԱՄՆ-ում բնակվում է ավելի քան 325 մլն մարդ, որոնցից ավելի քան 200 մլն-ն ընտրելու իրավունք ունի։

*

*