Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել ԱՄԷ-ի 5 դիվանագետ

ԱՄԷ-ի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարված:
ahabekchutyun

Արաբական Միացյալ Էմիրություններից հինգ դիվանագետ է զոհվել հունվարի 10-ին Աֆղանստանի Ղանդահարի նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին հունվարի 11-ին հայտնել է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը:

«ԱՄԷ-ի որդիները Աֆղանստանում էին գտնվում հումանիտար առաքելությամբ՝ այդ երկրում մասնակցելով կրթական ու սոցիալական նախագծերի իրագործմանը»,-նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:

ԱՄԷ-ի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարված:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՄԱԿ-ը դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում եւ Ղանդահարի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով հունվարի 10-ին առնվազն 49 մարդ է զոհվել, եւս շուրջ 90-ը՝ վիրավորվել, ներառյալ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը:

Նախօրյակին երկու մահապարտներ իրենց պայթեցրել են Քաբուլում՝ Աֆղանստանի խորհրդարանի շենքի մոտ: Ըստ վերջին տվյալների՝ գրոհի հետեւանքով, որի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը, զոհվել է առնվազն 38 մարդ, եւս 70 հոգի վերքեր են ստացել:

Ղանդահարում իրականացված պայթյունը 11 մարդու կյանք է խլել: 18 վիրավորների թվում են նահանգապետն ու Աֆղանստանում ԱՄԷ-ի դեսպանը, որոնք հարձակման պահին հանդիպում էին անցկացնում տեղի վարչակազմի շենքում: Խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

*

*