Երկրագնդի թոքերը շարունակում են այրվել

Էմանուել Մակրոնն Ամազոնի արեւադարձային անտառներում մոլեգնող հրդեհները միջազգային ճգնաժամ է անվանել:
amazon-hrdeh

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ամազոնի արեւադարձային անտառներում մոլեգնող հրդեհները միջազգային ճգնաժամ է անվանել: Նա կոչ է արել «Մեծ յոթնյակի» անդամ երկրիներին առաջնային քննարկել հենց այս հարցը՝ վաղը Ֆրանսիայում մեկնարկող գագաթաժողովի ժամանակ:

Բրազիլիայի նախագահը, ընդգծելով, որ իր երկիրը G7-ի գագաթաժողովին չի մասնակցում, մեղադրել է Մակրոնին գաղութարարական մտածելակերպի համար: Տարվա սկզբից մինչ օրս ամազոնյան անտառներում ռեկորդային թվով՝ ավելի քան 72 հազար հրդեհի օջախներ են գրանցվել:

Անտառային հրդեհների աննախադեպ այս աճը Բրազիլիայում շատերը կապում են նախագահի վարած բնապահպանական քաղաքականության հետ, մեղադրում նրան անտառահատումները խրախուսելու համար: Բրազիլիայի նախագահն էլ, իր հերթին, մեղադրում է հասարակական կազմակերպություններին Ամազոնի անտառները դիտավորյալ այրելու համար՝ առանց ապացույցներ տրամադրելու:

Մինչ փոխադարձ մեղադրանքները շարունակվում են, աշխարհում ամենամեծ արեւադարձային անտառներում կրակը մարել չի հաջողվում: Ամազոնը հաճախ անվանում են մեր մոլորակի թոքեր, քանի որ այն ապահովում է Երկրի մթնոլորտի թթվածնի 20 տոկոսը: Դրանք նաեւ կենսական նշանակություն ունեն գլոբալ տաքացումը դանդաղեցնելու հարցում:

*

*