Ադրբեջանը վետո է դրել ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» 10-րդ ամյակի կապակցությամբ հռչակագրի վրա

Պատճառն այն է, որ փաստաթղթում չի ներառվել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին դրույթը:
adrbejan,-veto

Եվրոպական միության եւ «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարները պետք է գործընկերության հոբելյանական 10-րդ ամյակի կապակցությամբ հռչակագիր ընդունեին: Բաքուն, սակայն, վետո է դրել հռչակագրի փաստաթղթի վրա: Պատճառն այն է, որ բողոք ներկայացնելուց հետո անգամ փաստաթղթում չի ներառվել Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին դրույթը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին պարզաբանել է, որ գործընկերության 10-ամյակի առթիվ ուզում էին մի հռչակագիր ընդունել, որն ուղղակի կամփոփեր վերջին տարիների առաջընթացը, ապագա հեռանկարները:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ հռչակագրի վերաբերյալ իրենց բողոքի հետ կապված հարցը պետք է ուղարկվի Եվրամիության ղեկավարությանն ու կազմակերպությունում նախագահող Ռումինիային: Ըստ նրա՝ հռչակագրի նախագիծն Ադրբեջանի համար «բավարար չէր», հատկապես, երբ խոսքը Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ ՄԱԿ-ի կանոնադրությունում նշված սկզբունքների մասին է:

Հռչակագրի տեքստի քննարկման ընթացքում Վրաստանը եւ Ուկրաինան նույնպես հայտնել են իրենց դժգոհությունը, որ Բրյուսելի կողմից ներկայացված փաստաթղթում «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների «եվրոպական ձգտումների» ճանաչման մասին որեւէ խոսք չկա:

*

*