Ադամ Շիֆը կոչ է արել Օբամային՝ այս տարի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի ամբիոնից բաց նամակով դիմել է նախագահ Բարաք Օբամային...
adam-schiff-obama-koch-chanachel-ceghaspanutyun

ԱՄՆ կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի ամբիոնից բաց նամակով դիմել է նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով նրան, իր կառավարման վերջին տարում, ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ձեր նախագահության նախորդ տարիներին Դուք հայերի զանգվածային սպանությունը եւ տեղահանումը նկարագրեցիք որպես «զանգվածային բարբարուսություն», ինչն այդպես էր: Բայց, իհարկե, այն շատ ավելին էր եւ Դուք խուսափեցիք «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, չնայած որ այն կիրառում են շատ գիտնականներ ու պատմաբաններ»,-ասել է Շիֆը՝ հավելելով, որ այս տարի էլ շատերը կարող են Օբամային ասել, որ հիմա ճիշտ ժամանակը չէ «ցեղասպանությունը» ճանաչելու համար, կամ որ Թուրքիան ռազմավարական շատ կարեւոր դաշնակից է եւ պետք չէ այդ հարաբերությունները զոհել՝ հանուն մեկ դար առաջ կատարվածի: «Պարո´ն նախագահ, անկախ այն բանից, թե ինչ կասեք ապրիլի 24-ին, Թուրքիան վարվելու է նույն կերպ, ինչպես վարվել է միշտ ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ Թուրքիան անում է այն, ինչ բխում է իր շահերից»,-նշել է կոնգրեսականը:

Նա նաեւ հիշեցրել է, որ համաշխարհային մի շարք առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանցիսկոս պապը, ճանաչել են Ցեղասպանությունը, սակայն Թուրքիան շարունակում է սերտ համագործակցությունը նրանց հետ, քանի որ դա բխում է իր իսկ շահերից: Նույնը կլինի, երբ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը՝ ասել է կոնգրեսականը:

«Ես հանդիպել եմ Ցեղասպանությունը վերապրածների հետ՝ կանանց եւ տղամարդկանց, որոնց թիվը տարեցտարի նվազում է: Նրանք պատմում են, թե ինչպես է կործանվել իրենց կյանքը, սպանվել են նրանց ընտանիքների անդամները եւ բոլորն, ում նրանք ճանաչում էին: Նրանց եւ նրանց ժառանգների համար «ցեղասպանություն» բառը սուրբ է, քանի որ դա նշանակում է, որ աշխարհը չի մոռացել եւ չի մոռանա: Մյուս կողմից, Ցեղասպանության ժխտումը սրբպղծություն է»,- ասել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսականը:

*

*