Հնդկաստանում յոթնամյա տղայի ծնոտից 526 ատամ են հեռացրել

Բժիշկները հայտնել են, որ անոմալիայի պատճառն առայժմ հայտնի չէ
hndkastan,-526-atam

Հնդկաստանի Թամիլնադի նահանգի Չեննայ քաղաքի ստոմատոլոգիական ինստիտուտում բժիշկները յոթնամյա տղայի ծնոտից 526 ատամ են հեռացրել:

Ինչպես տեղեկացնում է The Times of India-ն, ծնողները տղային տարել են հիվանդանոց, երբ նկատել են որ տղայի ծնոտն ուռել է։ Ռավինդրան ազգանունով տղան բժիշկներին գանգատվել է ստորին ծնոտի աջ անկյունում աճող ուռուցքից: Բժիշկները ռենտգեն եւ համակարգչային հետազոտություն են արել եւ երեխայի մոտ հայտնաբերել նորագոյացություն՝ բազմաթիվ մանր թերաճ ատամներով:

Հուլիսի 11-ին մեկուկեսժամանոց վիրահատության ընթացքում վիրաբույժները բարեհաջող հեռացրել են 200 գրամ քաշով ուռուցքը: Բժիշկները հայտնել են, որ անոմալիայի պատճառն առայժմ հայտնի չէ: Նրանք ենթադրում են, որ շեղման վրա կարող էին ազդել ծագումնաբանությունը եւ շրջակա միջավայրը: Այժմ Ռավինդանը 21 ատամ ունի, ինչը նորմալ է նրա տարիքի համար:

Բժիշկները նշում են, որ նման դեպք տեղի է ունեցել 2014 թվականին, երբ հեռացրել են 17 տարեկան պատանու 232 ատամները։ Անոմալիայի պատճառը օդոնտոման էր՝ բարորակ ուռուցք ատամի հյուսվածքների տարրերից, որը զարգանում է ծնոտների ոսկրերում։

*

*