Երեւա′նս

Երևանն Աբովյան փողոցի հասարակ էդ շենքն է՝ իր լավ ու վատ կողմերով...
yerevan-kara-bala2 (1)

Երևանն Աբովյան փողոցի էն սիրուն հին շենքն է, որը սկզբում պետք է համաչափ ու հարմար լիներ, բայց տարիներ անց գլխին մի 2 հարկ էլ ավելացրեցին ու դարձավ՝ մի մասը սիրուն, մյուսը՝ այլանդակ մի բան։

Երևանն էդ շենքի առաջին հարկում ապրող ծերունի պրոֆեսորն է, որն ամբողջ կյանքը վատնեց գիտության վրա ու հիմա 40 000 դրամով ձմռանը մատների ծայրերն է տաքացնում, բայց չի համաձայնվում կենտրոնի իր տունը վաճառել ու ծայրամասում մի տեղ նորմալ ապրել։

Երևանն էդ ծերունու հարևան ջահել զույգերն են՝ մեկը մյուսից սիրուն, աղմկոտ, կենսախինդ։ Երբեմն ծերունին թակում է դուռը, որ ասի՝ մի քիչ լռեք, էլի, բայց տեսնելով նրանց ուրախ դեմքերն՝ անկապ մի բան է ասում, ձեռքը թափ տալիս ու հետ գնում։ Էս սիրունները միրգ֊բանջարեղենի մի խանութ ունեն, իսկ մրգեղենը գյուղում ապրող ծնողների հողամասից է։ Առավոտյան հաճախ է էդ նախշուն կինը հարևան ծերուկի դուռը թակում ու մի ափսե տաք ճաշ տալիս։

Երևանը նրանց վերևում ապրող օլիգարխն է՝ բյուջեի համար մեծ վնասատու, բայց ընտիր հարևան՝ շենքի սպասարկման՝ աղբ֊մաղբի, գումարն ինքն է տալիս։ Ավելին, հետնամասի բակում մի խաղահրապարակ է կառուցել, մեծերի համար՝ նարդի, շախմատ խաղալու հարմարությամբ։ Ինչ խոսք, հաճախ է պատահում, որ քեֆը լավ է տուն վերադառնում ու միշտ շենքի մուտքի դուռն էնպես է շրխկացնում, որ բոլորը քնից վեր են թռնում, բայց անմիջապես գլխի ընկնում՝ էսինչյանն է, քեֆը լավ։

Երևանն էդ շենքի երրորդ հարկում ապրող բժիշկների ընտանիքն է՝ շենքի ու հարևանության շտապօգնությունը։ Ամուսիններով 1֊ին հիվանդանոցում են աշխատում, բայց հարևանների մոտ շատ երես չունեն՝ տղան վատ շրջապատ է ընկել, գողական է խաղում։ Շենքում տղային գրեթե չեն տեսնում՝ օրերով տուն չի գալիս, ինչի պատճառով հաճախ են մորն առավոտյան ուռած աչքերով տեսնում։

Երևանն էս շենքի չորրորդ հարկն է՝ դատարկ֊դատարկ. ընտանիքներով երկու եղբայր էին ապրում, գործերը վատացան, գնացին երկրից։ Մի անգամ եկել, հարևաններին կոնֆետ են տվել, երեխեքին՝ ծամոն, տան դռները բացել, հագուստեղենը տոպրակի մեջ լցրել, աղբի մոտ են թողել ու բանալիները տվել ներքևի բժիշկներին, էլի գնացել՝ ասելով, թե դրսում «դզվել ենք, մի քիչ էլ առաջ գնանք՝ կվերադառնանք»։ Շենքում բոլորը գիտեն՝ նրանք հետ վերադարձողը չեն։

Երևանն այդ շենքի ավելացրած հարկերի նոր բնակիչներն են, որոնց հետ երկար ժամանակ շենքում ոչ ոք «լայաղ» չէր անում շփվել՝ նրանց պատճառով շենքն այլանդակել են, մի տարի շինարարական դխդխկոց ու փոշի մարսել։ Հետո կամաց֊կամաց սառույցը կոտրվել է, մանավանդ, երբ 5֊րդ հարկի նորեկի տղան ավտովթարից մահացել էր. էլ ո՞ր օրվա հարևանն են, եթե տխուր պահին էլ նրանց կողքին չլինեն։ Սակայն հիմա առաջվա ջերմությունը չկա, մարդիկ զբաղված են ու էդպես էլ չիմացան՝ ովքեր են, ինչով են զբաղվում. բարևում, առաջ էին գնում։

Երևանն Աբովյան փողոցի շենքն է, որտեղ բնակվող կանայք նախկինում հավաքվում ու սուրճի սեղանի շուրջ մյուսների կյանքի ճիշտն ու սխալն էին որոշում, իսկ հիմա հերթով կնճռոտվելով գնում են էն աշխարհ էդ կանայք, իսկ ողջերը զրուցելիս միայն ջահել օրերի խոխմա պատմություններն են հիշում։

Երևանն էդ շենքի նկուղային հարկում ապրող անտունն է, ում ինչքան էլ նոր հագուստ են նվիրում, մեկ է, ինքն իր հին ու բուրումնավետ շորերն է հագնում։ Տղամարդուն երբեմն հարևան շենքի ջահելները գալիս, նեղում են, բայց իր շենքի բնակիչներն օգնության են հասնում։ Անտունը ոչ տուն ունի, ոչ փող ու ոչ էլ մուրում է, բայց երաժշտական ընտիր ճաշակ ունի՝ էն թվերի լավագույն գործերն են միշտ միացրած թելերով կապկպած մագնիտոֆոնով։

Երևանն Աբովյան փողոցի հասարակ էդ շենքն է՝ իր լավ ու վատ կողմերով, հին֊կոկիկ ու նոր֊քանդակած դեմքով, հոգատար ու անտարբեր բնակիչներով, աշխարհից խռոված ծերունիով ու կյանքը ծնկներից զիլ ջահելներով, մի ընտանիքի մեջ հազար բնավորության ու հազար միջավայրի մարդկանցով, տունը թողած֊գնացածներով ու նրանց տեղն եկած, բայց, բնականաբար, նրանց չփոխարինող նոր բնակիչներով։

Շնորհավո′ր, Երևա′նս։

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

*

*