Գտնված իմաստը

Նա ամրացնում է կապն իր ու այն մարդկանց միջեւ, որոնց որոշել է երբեք մենակ չթողնել․․․
Tom-nasima

Կնոջ ձեռքը չէր բռնել, ոչ էլ նրանից հայացքը կտրել չէր կարողանում: Հայերեն չգիտեր, ու «է՞ս է կինը» հռետորական հարցադրումը նրա համար լսելի չէր: Միայն, երբ լուսանկարում էին իրեն, կնոջը մոտ կանչեց, ձեռքը տարավ իրանին, գրկեց՝ գրեթե աննշան: Միայն, երբ տեսախցիկների եւ հարցերի առջեւ կինը խեղճացավ, հուզմունքից, անսովորությունից, տեղը չգտնելուց թաշկինակը տարավ աչքերին, նա ժպտաց՝ գրեթե աննշան, օգնության հասավ՝ անաղմուկ, խոսեց նրա փոխարեն, բայց ոչ նրանից խլելով խոսելու հնարավորությունը…

Նյույորքյան պատանեկության, երիտասարդության տարիներին երեւի սիրել էր իր հանդիպած ամենագեղեցիկ կնոջը, նրան տվել իր ամենաթանկը՝ անսպառ բարությունը, հոգատարությունը, անկեղծությունը: Սուդանի Նուբայի լեռներում մնալու որոշումը նրան չէր պարտադրել, չէր առաջարկել իր նման վարվել՝ թողնել կայունությունը, հանգստությունը, հարմարավետությունը, թողնել խելահեղ, սիրուն կյանքն ու իր հետ գնալ, որոշել էր միայն իր տեղը, միայն իր համար էր ընտրել առաջնահերթությունը: Մի հիվանդի անկողնուց մյուսին մոտենալու մի քանի վայրկյաններին երբեմն հիշել էր նրան, նրա բույրը, բարձրակրունկները, կիսաշրջազգեստը, որ քամու թեթեւ հպումից վեր էր բարձրանում, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքի լույսերը, ավտոմեքենաների անդադար ընթացքը, դա չնկատող իրենց ժպիտն ու շնչառությունը, նրա ձեռքը՝ իր ափի մեջ ու… Այս դժոխքը, արյունը, վերքերը, լացը, ցավը, ռմբակոծությունները, խառնաշփոթը, իրենից հրաշք սպասող հարյուրավոր աչքերը…

«Ամենալավը բժշկի մոտ հատկապես տպավորվում են այն հիվանդները, ում չի կարողացել փրկել»: Անկարողությունից գլուխը ձեռքերի մեջ է տեղավորել, չի նայում, պաշտպանում է իրեն հրաշքի սպասող աչքերից… Մի քանի վայրկյան անց նորից վիրահատական սեղանի մոտ է մի հիվանդանոցում, որը բառացիորեն իր համառությամբ է «խելքի եկել»:

… Կարող էին ամուսնանալ: Երկու երեխա կունենային: Որդին ճարատարապետական հրաշալի նախագծեր կաներ, կգնային դստեր համերգին, ձեռքով պինդ կգրկեր կնոջ ուսն ու ականջին կշշնջար՝ ինչ բարակ մատներ ունի իրենց աղջիկը՝ իսկը մոր նման: Երեկոյան կընթրեին մեծ, լուսավոր տանը, կխմեին ամենալավ գինին՝ ամենագեղեցիկ բաժակներով, կխոսեին, հեռուստացույց կդիտեին, կտխրեին, որ աշխարհի մի մոռացված անկյունում մարդիկ մեռնում են ռմբակոծություններից, հիվանդություններից, եւ ոչ մի բժիշկ չի համարձակվում ապրել ու աշխատել այնտեղ, վատ մտքերը հետաքրքիր մի պատմությամբ կցրեին եւ կքնեին՝ հանգիստ…

Տարիների անքուն գիշերներին մի տեղացի աղջիկ հոգ է տանում իր մասին, կողքին է լինում ստվերի պես, երբ անգամ չի նկատում դա, պարզած ձեռքի մեջ է դնում այն ամենը, ինչն այդ պահին պետք է իրեն, ամենայն ուշադրությամբ լսում է իր ամեն ասածը, հանձնարարությունը, սովորեցրածը, չի արթնացնում իրեն, երբ պատահաբար քնում է հենց աթոռին հենված, հիվանդի վիրակապն է փոխում, որ իր գոռոցով բժշկին չանհանգստացնի, շշուկով է քայլում, շունչը պահած՝ հայացքով ջնջում է դեմքի խորշոմները, հաշվում շնչառությունը, ժպտում, երբ արթնանում է զարմանքից, թե ինչու եւ ինչպես հաջողվեց քնել…

Թոմ Քաթինան Հայաստանում երկրորդ անգամ էր, այս անգամ կնոջն էլ էր բերել, որ «ճանաչի հայերին»: Նասիման անգլերն լավ չի հասկանում, լավ չի խոսում, ամուսնու կողքից չի հեռանում, թեեւ նրա ձեռքը բռնած չի քայլում, բայց նրան նայում է յուրահատուկ աչքերով: Իրենց բժիշկը, իրենց փրկիչը, իրենց Թոմն արդեն իրենն է, իր ամուսինն է, նրա հետ դուրս է եկել ամենօրյա դժոխքից, նրա մեջքի հետեւից նոր աշխարհ է ճանաչում: Զարմանում է՝ այս մարդիկ ինչպես ճանաչեցին ու սիրեցին իր Թոմին, իրենց բժշկին: Նրանց մեկ դար առաջ տեղի ունեցած ցեղասպանության մասին են պատմում, Նասիման ուշադիր է՝ լսում է, հասկանում ավելին, քան շատ ուրիշները. մեր պատմությունը նրա ներկան է, նրա ամենօրյա ցավը: Ուրիշ, նոր աշխարհում էլ նրան ամենալավն իր Թոմն է հասկանում, կարծես բժշկական գործիքով լսում է իր ապրումները…

Թոմն ընտրել է Նասիմային. նա ամրացնում է կապն իր ու այն մարդկանց միջեւ, որոնց որոշել է երբեք մենակ չթողնել: Կամ գուցե Նասիման է ընտրել Թոմին, որ կիսի նրա մենակությունն ու ամենաանհրաժեշտ պահին գլուխն առնի տաք ափերի մեջ, օգնության հասնի՝ անաղմուկ… Մենք ենթադրում ենք՝ սերն ինչպիսին է, փնտրում ենք, ակնկալում, սպասում, բայց հաճախ չենք նկատում ամենակարեւորը՝ հայացքը, որ մի ամբողջ աշխարհ է կրում իր մեջ:

Բժիշկ Թոմը գտել է իմաստալից ապրելու իր տարբերակը, իսկ մե՞նք…

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*