Թեթև տանելու մի քանի երանգները

Այդ ֆիլմի աշխարհում ապրում էր մեկը, ով հավանաբար չէր ասի՝ թեթև տար, այլ կմտածեր ինձ հետ, մինչեւ մտքերս կկորցնեին քաշը ու թեթեւությունը կգար առանց պարտադրանքի…
xatutik

Մի ամերիկյան սերիալ կա, շատ եմ սիրում, երկար նայեցի, բայց երկար չեմ բացատրի՝ ինչու (ամեն մարդ ինքը գիտի՝ ինչ է գտնում այնտեղ, որտեղ գուցե մյուսները ոչինչ չունեն փնտրելու): Սերիալն ավարտվեց դրա սիրահարներից շատերի համար ոչ լավագույն ձեւով. ես սիրեցի վերջաբանը: Տարիների ընթացքը կանգնեց մի մտքի վրա՝ «let go»: Այն փորձեց ինձ սովորեցնել բաց թողնել, եւ ես երկար մտածեցի թե’ սերիալի՝ հատկապես իմ սիրելի հերոսի բաց թողնելու կարողության կամ դրա բացակայության մասին, թե’ իմ:

Ընկերներս քիչ դեպքերում են կիսում հետաքրքրություններս (իրենք շատ են, բայց էդպես էլ է լինում), այնուհանդերձ, նրանցից ոմանց համառորեն փորձեցի բացատրել մտածումներս, ասացին՝ թեթեւ տար, բա՞ն ես գտել մտածելու: Անցա առաջ, թեեւ կարոտում եմ. էնտեղ՝ այդ ֆիլմի աշխարհում ապրում էր մեկը, ով հավանաբար չէր ասի՝ թեթև տար, այլ կմտածեր ինձ հետ, մինչեւ մտքերս կկորցնեին քաշը ու թեթեւությունը կգար առանց պարտադրանքի…

Երբ համալսարանում դժգոհեցի, որ անգլերենի դասերը վերածվում են դասախոսի անձնական կյանքի քննարկման ցերեկույթների, կուրսընկերներս ասացին՝ թեթեւ տար, ավելի լավ՝ քիչ կտանջվենք: (Այդ ժամանակ) Թեթեւ տարա ու անգլերենի դասերը թողեցի վերջում, իսկ ուսանողը երբեք վերջին չի հասնում:

Մի դասախոս ունեի՝ անփոխարինելի, մագիստրոսական թեզիս ղեկավարը, գրածիս ոչ մի տողը թեթեւ չտարավ, խորացավ, ստուգեց, ուղղեց, ստիպեց անընդհատ մտածել, անվերջ աշխատել, երբեմն անգամ՝ կոտրեց ոգեւորությունս, երբեք չասաց՝ ապրես: Միայն պաշտպանությունից հետո «լավ էր» ու ժպիտ շռայլեց, եւ դարձա ամենաթեթեւ մարդը, որ երբեք թեզ գրելու ծանրություն չի ունեցել՝ այն էլ բոլորովին նոր թեմայով՝ ամենից ծանր մարդու վերահսկողությամբ:

Աշխատանքի վայրում բողոքեցի, որ ասելիք չունեցող բանախոսներին, որ շաբաթը երեք անգամ նույն թեմայով տարբեր ակումբներում ելույթ են ունենում, չպետք է լուսաբանել, գործընկերներս ասացին՝ ինչո՞ւ ես բարդացնում, ավելի լավ՝ դեռ չգնացած՝ գիտես ինչ ես գրելու, բարդ հարցազրույցների հավե՞ս ունես: Ունեի, բայց պարզվեց՝ մարդկանց դա պետք չէ, մեծամասնությունը սենսացիա է ուզում՝ թեթեւ հիմարություն, որ չխորանա, չմտածի, անգամ կասկածի տակ չդնի, մեղմ ասած՝ չբարդացնի «առանց այն էլ բարդ կյանքը»:

Մարդու զանգն անտարբեր չթողեցի, լսեցի երկար՝ լսափողով, հետո լսեցի երկար` դեմ առ դեմ, ձայնագրիչի ուղեկցությամբ, հրապարակումովս նրա խնդիրը լուծվեց: Մտածեցի՝ կարո՞ղ էի, չէ՞, թեթեւ տանել, չուսումնասիրել, չզբաղվել, այդքան ջանք, ժամանակ, հույզեր չդնել ու անցնել առաջ, բայց հասկացա՝ տարիները, մարդիկ չեն հաջողել՝ չեն կարողացել ինձ «թեթեւ տանել» սովորեցնել:

Սիրուն արտահայտություն կա՝ բարեպատեհ, թե դժպատեհ: Հիմա՝ բարեպատեհ, թե դժպատեհ այն եմ, ինչ կամ, ու եթե անգամ ուզում եմ, փոխվել չի ստացվում: Ճիշտն ասած, իսկապես չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց ավելի նախընտրում եմ թեթեւություն բերել, քան տանել, մտածելով ապրել՝ սխալները, վատը փոխելու մասին մտածելով… Ե՞ս… Ես տեսակի իմ ընտրությունը կատարել եմ եւ մի խնդրանք ունեմ՝ ինձ այդքան հաճախ մի ասեք՝ «թեթեւ տար», միեւնույն է՝ «I’m not good at letting go»: Կներեք անգլերենի համար, հայերենն աշխարհի ամենասիրուն լեզուն է, բայց քիչ մտքեր կան, որ օտար լեզու են ուզում: Իսկ դուք հանգիստ թեթեւ տարեք կյանքը, ձեզ շրջապատող (սիրող եւ ոչ այնքան) մարդկանց, հանկարծ չմտածեք, որ կարելի է նեղություն կրել հարազատին, մարդ տեսակին լավ բան անելու համար. մի կյանք եք ապրում, հազիվ հասցնեք ձեր մասին հոգ տանել:

Լուսանկարը՝ հեղինակի։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*