Հայկական ռեպրեսիայի անատոմիան. Էլինար Վարդանյան

«Մեկ մարդու ցանկությամբ մեղավոր նշանակվածը ամեն գնով պետք է մեղավոր ճանաչվի»
gilyotin2

Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ. կանխարգելման հնարավորություններն այլեւս սպառված են։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Չկարողացանք, չհասցրեցինք, անտարբեր եղանք, առաջնորդվեցինք «մեզ բան չլինի՝ մնացածի վրա աչք փակենք» սկզբունքով։ Հիմա լրիվ այլ փուլ է. բուռն համատարած ռեպրեսիաների փուլ։ Առաջիկայում քրեական գործերի առատությունը եւ իրավապահների ագրեսիվությունը կապացուցեն դա։

Պատժիչ, ռեպրեսիվ գործընթացն ունի իր հստակ տրամաբանությունը. այն նույնպես ունի փուլեր, «ընթացակարգեր»։ Դա պետք է իմանալ, քանի որ այն թակելու է արդեն շատերի դռները. նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ ծավալների մասին է խոսքը։

Քրեական գործերը հարուցվում են բավականին հետաքրքիր սխեմայով: Սկզբում որոշում է կայացվում, թե ում նկատմամբ հարուցել քրեական գործ, ընտրվում է անձը: Առայժմ ընտրվողները հանրային դեմքեր են, որոնց ընդհանուր տալիս են մեկ բնորոշում՝ «նախկիններ»: Հաջորդ փուլում հորինում են գործը կամ տեղավորում արդեն իսկ հարուցված մեծ գործի մեջ, օրինակ՝ մարտի 1 կամ ցանկացած այլ։ Սկսում են առաջին էպիզոդից, որն ուղղակի ընտրության հարց է. կարող է լիներ այս մեկը կամ այն, իսկ հետո սկսում խճանկարի նման հավաքել գործը՝ էպիզոդ առ էպիզոդ:

Սկզբնական փուլում նախաքննությունն ընթանում է սեփական վարկածը հաստատելու ուղղությամբ, հավաքվում են փաստեր, ցուցմունքներ, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը: Որեւէ հակափաստարկ, հակառակ ապացույց չի նկատվում, չի քննվում։ Հետո հայտնվում են «վկաները», օրինակ՝ Սիլվաներ եւ Անդերսոններ, եւ խճանկարը հավաքվում է: Նրանց պեղում են գործակալական արխիվներից, գտնում, բանակցում, համոզում, շահագրգռում, վախեցնում… մի խոսքով՝ գտնում են «վկաների»։

Ընթացքում ընտրված «մեղավորների» մի մասը պատրաստ է գնալ «բարիշելու» ճանապարհով: Այս դեպքում գործի վերաբերյալ ինչպես համառորեն աղմուկ է բարձրանում, այդպես էլ նույն համառությամբ մոռացության է մատնվում: Եվ այդ մարդիկ ազատ, անկաշկանդ շրջում են եվրոպական երկրներում՝ մինչեւ հաջորդ պայմանավորվածության ձեռքբերումը:

Ռեպրեսիվ մթնոլորտի հաջորդ ինդիկատորը կալանքն է: Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել: Իսկ հասարակությանը՝ ցույց տալ, որ գործ ենք անում, պայքարում ենք, պատժում ենք։

Եվ ամենեւին կարեւոր չէ՝ կալանքի հիմքերը բավարա՞ր են, թե՞ ոչ: Ճնշող մեծամասնությամբ որեւէ հիմք կալանքի համար չի լինում․մարդիկ չեն խուսափում, չեն թաքնվում, ինքնակամ վերադառնում են արտերկրից Հայաստան եւ այլն։ Բայց ռեպրեսիան սիրում է հանրային տեսարաններ, նրան օրինական ընթացակարգ եւ խնդրի օրինական լուծում պետք չէ, պետք է աղմուկ եւ արյուն։

Անպայման կգտնվի դատավոր, ով կբավարարի կալանքի ցանկացած միջնորդությունը: Գնալով՝ այդպիսի դատավորների թիվն ավելանալու է։

Եթե հասարակությունը կոնկրետ գործով տեսարաններ չի պահանջում, ապա ժամանակի ընթացքում թույլատրված է կալանքը փոխարինել գրավով, որովհետեւ այս դեպքում էլ հասարակության ցածր շերտերին կհամոզեն, թե ձեզնից թալանածն են հետ բերում:

Ռեպրեսիվ փուլի մյուս կարեւոր բաղադրիչը համապատասխան մթնոլորտի ապահովումն է։ Իրավապահները, գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, քաղաքական թիմերը, «քաղհասարակության» ներկայացուցիչները, Հ1-ի լուրերը եւ տաղավարի հյուրերը, լայվը եւ այլն մեկ հրահանգով սկսում են մարդու հանրային վարկաբեկման արշավը՝ խրախուսվում է առավել անբարոյականությունը, խրախուսվում է մարկային արժեքների առավել ստոր ոտնահարման դրսեւորումները։

Ռեպրեսիվ մթնոլորտի մյուս տրամաբանական փուլը դատարանների վրա բացահայտ ճնշումներն են: Իշխանությանը ոչ հաճո որոշման պատճառով շրջափակում են դատարանները, փորձում ողջ համակարգը դարձնել իշխանության կցորդ: Մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժում են, իսկ ենթարկվողներին՝ խրախուսում։ Ըստ էության հայտարարվում է, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։

Հաջորդ ինդիկատորը փաստաբանների նկատմամբ կազմակերպված ճնշումներն են, որոնք ժամանակ առ ժամանակ վեր են ածվելու՝ սպառնալիքների կամ գուցե հաշվեհարդարների։ Հանրային հնչեղություն ունեցող գործերով, որտեղ արդեն որոշված են մեղավորները, անհանդուրժողական վերաբերմունք է հատկապես փաստաբանների նկատմամբ: Սոցիալական ցանցերով, հրապարակային ելույթներում սպառնում, վիրավորում, հայհոյում են փաստաբաններին:

Այս ամենին զուգահեռ անմեղության կանխավարկածի խախտումը դառնում է օրինաչափություն: Խճանկարի սկզբունքով հավաքված հանցագործության կատարման մեջ կասկածվողը կամ մեղադրվողը արդեն իսկ մեղավոր է հայտարարվում, եւ այստեղ ոչ պետական մարմինները, ոչ առանձին պաշտոնյաները, ոչ էլ որոշ լրատվամիջոցներ չեն հիշում անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին: Անմեղության կանխավարկածը դառնում է ամենամերժելի գաղափարը։ Եթե այդ գաղափարը կենսունակ մնաց, ապա պատժիչ իշխանության ողջ տրամաբանությունը կփլուզվի։ Այդ պատճառով է, որ մեկ մարդու ցանկությամբ մեղավոր նշանակվածը ամեն գնով պետք է մեղավոր ճանաչվի։ Նրա անմեղությունը մեկ վայրկյան անգամ կասկածի տակ դնողը՝ հռչակվում է սպասարկու, դավաճան, կոռումպացված եւ այլն։

Ամփոփում

Իմ թվարկած պատժիչ համակարգի բոլոր ցուցիչները Հայաստանում առկա են։ Եվ կրկին անգամ պնդում եմ, որ Հայաստանը մտել է պատժիչ ռեպրեսիաների փուլ։ Մենք առաջինը չենք, մենք վերջինը չենք։ Սա ունի իր միջազգային եւ ռեգիոնալ ողբերգական փորձը։ Բավական է մտաբերել հարեւան Վրաստանի փորձը, երբ վարդերի թավշյա հեղափոխությունը շատ արագ վերափոխվեց ծանր ռեպրեսիաների փուլի:

Այս փուլն ունի նաեւ իր հստակ կանոնները: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում այլեւս ոչ ոք չի կարող հանգիստ լինել՝ ոչ նախկինները, ոչ ներկաները, ոչ ամենամտերիմները, ոչ էլ բարիշածները. սա է այս փուլի խաղի կանոնը։ Այլեւս բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականություններից, անօրինականություններից:

Ի դեպ, կա նաեւ մեկ այլ հնարավոր ուղղություն, որը թերեւս ամենասարսափելին է. երբ իշխանությունը կամ նրա թեւերից մեկը որոշում է մարդուն պատժել ոչ թե պսեւդոիրավական ճանապարհով, նույնիսկ, ոչ թե կեղծ քրեական գործերի միջոցով, այլ՝ բանդաների եւ հրոսակախմբերի։ Մեր պետությունը նման փուլ ունեցել է։ Երբ իրավական նիհիլիզիմի մթնոլորտը հասնում է որոշակի բարձր այլասերվածության աստիճանի, դրանից հետո դեպի բանդաներ՝ մեկ ու աննկատ քայլ է։

Սա է իրականությունը։ Հիմա պետք է մտածել ամենակարեւորի մասին՝ ի՞նչ անել, ինչպե՞ս զսպել, ինչպե՞ս փոխել վիճակը»:

*

*