Եվ Աստված տեսավ, որ բարի էր… այն օրը, երբ դեռ մարդ չկար

«Ես տեղով մեկ անմեղություն եմ» մտածելուց ու ասելուց առաջ...
dasht (1)

Երբ Աստված հասկացավ, թե ինչ ապօրինի արարած է լույս աշխարհ բերել՝ ստեղծելով մարդուն, արդեն շատ ուշ էր. մարդը հասցրել էր զգալ արգելված պտղի համը ու հավեսի ընկնելով՝ խելքից դուրս բազմացել էր՝ բնակեցնելով ու իր գոյությամբ արդեն իսկ խաթարելով բնության օրենքները։

Այդժամ Աստված իր կողմից օրենքների մի ողջ ժողովածու հրատարակեց, որպեսզի անխելահաս մարդը, դրանք պահպանելով, զերծ մնա շրջապատին ու նաեւ ինքն իրեն վնասելուց։ Բայց դա էլ չօգնեց. օրենք, կարգ ու կանոն բառերից բզիկոտվող մարդը հակված է խախտելու ու քանդելու ցանկացած սահմանափակում եւ օրենք՝ իբր իր ազատությունը եւ ինքնասիրությունը պաշտպանելով ճնշումներից ու բռնությունից։ Բնականության եւ ազատության իբր կողմնակից մարդիկ չեն հասկանում, որ նույնիսկ վայրի ու դեռ տեղ-տեղ անեղծ մնացած բնությունն իր հախուռնությամբ հանդերձ՝ աստվածային իր օրենքներն ու կարգն ունի, որի խաթարումը ամեն օր ավելի ու ավելի է մոտեցնում Երկրագունդ կոչված մեր ավազահատիկի վախճանը։

Դե իսկ դրան նպաստում ենք նաեւ մենք՝ հայերս, որ կարողանում ենք անօրեն լինել նույնիսկ այնտեղ, որտեղ կարծես թե օրենք էլ չկա խախտելու։

Մենք ցանկանում ենք ապրել բարեկեցիկ, անվտանգ, մաքուր եւ ամենապուպուշ երկրում՝ դրա համար ուզելուց ու պահանջելուց բացի՝ ոչինչ չանելով։ «Էս ինչ անօրեն, անմաքուր ու անհույս երկիր է» հերթական տրտունջից 2 րոպե առաջ փորձենք հիշել, թե մենք ինքներս ընդամենը մեկ օրում քանի անգամ ենք կարգ ու օրենք խախտում՝ գրված ու չգրվածն էլ վրադիր։ «Ես տեղով մեկ անմեղություն եմ» մտածելուց ու ասելուց առաջ հիշենք, օրինակ, որ աշխատանքից չի կարելի ուշանալ, չի կարելի հասարակական կարգը խախտել՝ տրանսպորտում ականջակալների ձայնով զահլա տանելով, հեռախոսով ու բղավելով խոսելով, կանգառում կանգնած՝ ծխելով ու ծուխը կողքինի վրա փչելով։ Չի կարելի տաքսու ուղեւորին խաբել՝ նույն ճանապարհահատվածի համար ամեն անգամ նոր գին կրակելով, չի կարելի ժամկետանց կամ անթարմ ապրանք վաճառել, չի կարելի բժշկելու փոխարեն դիմացինին թալանելու մասին մտածել, չի կարելի անպատժելիությունից գլուխը կամ մեքենայի արգելակի տեղը կորցնել…

Չի կարելի դիմացինին վերեւից նայել՝ մեր ցարծրհոգությամբ հանդերձ, ինչ է թե նա ավելի աղքատիկ է հագնված, ավելի գեր է կամ նիհար, մի քիչ այլ կերպ է արտաքինով կամ մտածողությամբ… Չի կարելի գոռալ, թե իմ ընտրյալն ամենալավ ու միակ ղեկավարն է,  չի կարելի առավել եւս՝ փողոց ու ճանապարհ փակել ու ստիպել մյուսներին՝ այդտեղով անցնել կամ չանցնել, չի կարելի գոռալով ու դմփացնելով՝ համայնքապետ հանել, պատգամավոր ու վարչապետ ընտրել, չի կարելի մատ թափ տալ ու հոխորտալ դիմացինի ու աշխարհի վրա, չի կարելի վերջապես մոռանալ, որ իսկապես հնձելու ենք այն, ինչ ցանում ենք, եւ հակառակը մինչ օրս չի եղել։ Չի կարելի չարությունց կապտած դեմքով ու փքված ձայնալարերով սիրո եւ հանդուրժողականության մասին բղավել ու փաստորեն չարության քարոզ անել, չի կարելի առանց դատարանի որոշման էս գլխից որոշել՝  ով է մեղավոր ու ինչքան, ով է անմեղագույնն ու անթերիագույնը, ով է թալանչին ու թալանվածը… Մի խոսքով, չի կարելի օրենք խախտել, չի կարելի օրումեջ Սահմանադրություն բզկտել, այդքան բան, ու նոր այդ ժամանակ մի քիչ հավանականություն, մի քիչ էլ հույս կա, որ տասնամյակներ անց կսկսենք քիչ թե շատ նորմալ հասարակություն ու երկիր դառնալու գործընթացը։ Դանդաղ, էվոլյուցիոն, անկասելի, վստահ ընթացքը, այլ ոչ թե մի հատ դմփ, մի հատ էլ գմփ՝ ու պրծ, արդեն ամենալավ երկրում ենք ու ամենահպարտ ու ազնիվ մարդիկ։ Չի լինում այդպես։

…Եվ Աստված տեսավ, որ բարի էր… այն օրը, երբ դեռ մարդ չկար։

Հեղինակ՝

Արծրուն Կոստանդյան

*

*