Արժե՞ր զզվելին փոխարինել նողկալիով ու անունը դնել թավիշ. Դավիթ Վանյան

«Եթե լավը կա, պարտադի՞ր է այն հակակշռել այս թատերամետրոյական դեբիլիզմով»
metro-hraparak4

Դավիթ Վանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հոկտեմբերի 2-ին մետրոյի «Հանրապետության հրապարակ» կանգառում տեղի ունեցած ներկայացմանը։

«Ես չեմ հասկանում։ Ու՞մ համար են այս հիմար ներկայացումները։ Եթե հեղափոխություն է, ապա պիտի առողջ երևույթների հեղափոխություն լինի։ Այն, որ կաշառքը վերանում է կաշառակերությանը դարերով սովորած մի երկրում, հիանալի է, կեցցեք։ Այն, որ սահմաններին կարգ ու կանոն է, միջին բիզնեսը շունչ է առել, հարկային ու ոստիկանական վակխանալիա չկա կամ պակասում է՝ շատ ապրեք։ Այն, որ բանակում կան դրական երևույթներ՝ շատ ապրեք։ Բայց այս ներկայացումները, սեռափոխական տվայտանքները, արտաքին հարաբերությունների ապակառուցողական հայտարարությունները ինչի՞, ու՞մ համար են։ Ես չեմ հասկանում։ Գուցե ծրագրավորվա՞ծ են, ուրեմն շատ վատ է, որ այդպես է։ Ես իմ ժողովրդի մի փոքր մասնիկն եմ, բայց ուզում եմ հասկանալ, եթե լավը կա, պարտադի՞ր է այն հակակշռել այս թատերամետրոյական դեբիլիզմով։ Ինչու՞ չեք աջակցում դասական ազգային թատրոնին։ Ինչու՞ են ամեն տեսակ փոքրամասնականներ իրենց դեգեներատիզմն ապացուցելու համար ստանում Ձեր աջակցությունը։ Դուք հայկական ընտանիքու՞մ չեք ծնվել։ Չեմ հասկանում։

Հ․Գ․- Դեմագոգիայի մեջ լողանում ենք, և այդ դեմագոգիայի անունը դրել են հեղափոխություն։ Իսկ «Ազատությունը» ազատ անկումը չէ, այլ ազատ կամքի լարումով, դարերի ընթացքում հավաքած, ամբարած ազգային և համամարդկային արժեքների հիման վրա վեր բարձրանալն է։ Այն որ ասում եք՝ հինը զզվելի էր, հասկացանք։ Բայց արժե՞ր զզվելին փոխարինել նողկալիով, ու անունը դնել թավիշ»։

 

*

*