Ետ ենք շպրտվելու մի քանի տասնամյակ, եթե մեր կերտածը հեղափոխական միապետություն եղավ

Վարչապետն էլ երբեմն զարմացնում է, դարձյալ դրական իմաստով, երբեմն էլ` հիացնում, սակայն...
nikol-pashinyan-asulis-20072018gggg (1)

Բազմաթիվ բաներ կան, որ աչք են շոյում այսօրվա իշխանավարման համակարգում։ Բազմաթիվ բաներ կան, որ ուրախացնում են, ու անհրաժեշտ է այդ դրականը գովազդել, տարածել, գովաբանել։ Վարչապետն էլ երբեմն զարմացնում է, դարձյալ դրական իմաստով, երբեմն էլ` հիացնում։ Սակայն կան բաներ, որոնք անհանգստացնում են ինձ՝ որպես քաղաքացի ու մտավորական, դե ես էլ նրանցից չեմ, ովքեր ծափահարում են, միայն թե առիթ լինի, ու նախկիններին էլ չեմ ծափահարել։

Օրինակ՝ ես չեմ հասկանում, թե ի՞նչ տարբերություն՝ ընտրակաշառքո՞վ է ձևավորվել բացարձակ մեծամասնությունը, թե հանրությանը շանտաժ անելով, սևի ու սպիտակի բաժանումով։ Ըստ իս՝ երկուսն էլ խախտումներ են։ Ուղղակի առաջին դեպքում զուտ իրավական — քրեական, իսկ երկրորդ դեպքում՝ իրավական — բարոյական։ Եվ դեռ ոչ ոք չգիտի, թե որն է ավելի վատ, առաջի՞նը իր ցինիզմով ու լկտիությամբ, թե՞ երկրորդը` իր հանդգնությամբ ու հասարակության անհամաձայն անդամներին անհարգալից վերաբերումով։

Չեմ հասկանում, թե ինչ տարբերություն կա կամ կլինի կոմունիստական գերագույն սովետի ու վաղվա սպասվելիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային Ժողովի միջև, եթե այնտեղ էլ գրանցվի այսպիսի համամասնություն։ Գիտեմ, որ ետ ենք շպրտվելու մի քանի տասնամյակ, եթե մեր կերտածը հեղափոխական միապետություն եղավ։

Չեմ հասկանում, թե ԱԱ ծառայության տնօրենի ինչի՞ն է պետք ֆուտբոլը։ Էլ անելի՞ք չկա, թե՞ արդեն բացահայտվել են գաղտնալսողները։ Կարծում եմ՝ նա կառավարության այն միակ անդամն է, ում ամենաքիչը պիտի տեսնեինք էկրաններին։

Չեմ հասկանում, թե ինչու՞ Քոչարյանի ու Սարգսյանի կողքին չի քննադատվում Տեր-Պետրոսյանը, ու քանի դեռ չի քննադատվում նրա ղեկավարման շրջանը, ես իմ երկրի իշխանությանը վստահում եմ վերապահումով։

Դրական օրինակները, իհարկե, գերակշռում են, սակայն բացասականն էլ ծանրակշիռ է, ու ես ուզում եմ այն ձգտի հավասարվել զրոյի։

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ

*

*