Կժպտայի, ուղղակի դեռ այդքան ուժեղ չեմ

Մոմավաճառի պատուհանից միայն ձեռքերն են երեւում, ժպիտը ապակու հետեւում է...
anzrev2a

— Կժպտայի, ուղղակի հիվանդ եմ:

— Ի՞նչ…

— Մրսել եմ երեւի, երեկվանից լավ չեմ… Ձեր ձեռքինը շատ լավն է:

— Հա, երեւի սա էլ կվերցնեմ… Իսկ դուք թեյ, հեղուկ շատ խմեք:

— Չեմ սիրում թեյ, բայց երեկվանից խմում եմ: Ապրես, աղջիկ ջան, կհիշեմ քեզ, որ մյուս անգամ գաս, էլի մի քանի հարյուր դրամ կիջնեմ:

— Առողջություն Ձեզ, լավ մնացեք:

Վաճառական տիկնոջն իր ուզած ձեւով ժպտում եմ ու, ավելի խորը ժպիտը պահած մտքումս՝ քայլում եմ: Քաղաքն այնքան էլ ոգեւորված չէ գարնան գալով. սովորել էր: Բայց միեւնույն է՝ շնչառությանս մեջ գարուն կա. եթե անգամ ձմեռը սիրում ես, գարունը գոնե մտքումդ ժպիտ է առաջացնում: Ժպիտը ոչ միայն դեմքիս՝ քայլում եմ: Մարդիկ չեն ժպտում, հազար ու մի պատճառ ունեն դրա համար, ու ես հասկանում եմ նրանց, բայց մարդիկ չեն հասկանում՝ ինչու եմ ես ժպտում, մարդիկ չգիտեն, որ իմ չժպտալու հազար ու մի պատճառը հաղթահարած՝ հիշում եմ իր գործի պարտադիր մասը ժպտալը համարող կնոջը, տեսադաշտիս մեջ եմ տեղավորում քաղաքի՝ վաղուց չանցած, չապրած անկյուններն ու… ժպտում եմ:

— Երկու հատ մոմ կտա՞ք:

— Վերցրու, բալես: Ու շնորհավոր այս օրը, թող ժպիտն անպակաս լինի քեզանից, բոլորիցս:

Մոմավաճառի պատուհանից միայն ձեռքերն են երեւում, ժպիտը ապակու հետեւում է, իմ աչքերն էլ ակնոցն է ծածկել, չեմ հանում, աչքերիս ժպիտը թաց է, միայն բերանս եմ լայնացնում ու ոչինչ չեմ ասում, չեմ հասցնում մտածել, չեմ հասցնում գնահատել բոլոր անհաղորդ մոմավաճառների մեջ վերջերս տեսած միակ ժպիտը: Այդ մասին առանձին եմ զրուցում՝ առանց բառերի, նրա հետ, ով բառերի կարիք չունի:

Հոգուս թեթեւությունը երաժշտություն դարձրած՝ ոչ ակնոցի հետեւից փակում եմ աչքերս, ու այդպես՝ փակ աչքերով բռնում եմ միտքը՝ իրականում ինչքան հեշտ է անել այն, ինչը հազար պատճառներով է կապանքված:

Քայլերս արագացնում եմ՝ պատճառները շարունակում են կապել աշխարհին եւ ապրելուս կերպը մնալ: Դեռ շատ է ուժեղանալ պետք:

Լուսանկարը՝ հեղինակի։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*