Լավ կլիներ բոլորը խոսեին իրենց անունից, իսկ իմ անունից ես ինքս կխոսեմ

Այսօրվա Հայաստանում քաղաքական ոչ մի ուժ ողջ ժողովրդի համար պատասխանատու չէ
aj-ereko-darpas

Ազնավուրը վերջին էր մեծերի շարքից, ով անքակտելիորեն համամարդկային էր ու ազգային, անաչառ էր ու արդարամիտ, խստապահանջ էր ինքն իր և մեր նկատմամբ։ Նա այն եզակիներից էր, որ կենդանության օրոք դարձել էր մեր արժեհամակարգի ու խղճի բաղկացուցիչը, և մենք էլ երջանիկ էինք, որ Ազնավուր ունենք։ Նրան կորցնելով՝ մենք որբացանք, աղքատացանք, մնացինք ինքներս մեզ հետ, ու չկա այն Մեծը Հայը, ով իր բարձր ամբիոնից ճշմարտություններ կասեր մեզ, այնպես, որ «սևերն» էլ, «սպիտակներն» էլ միատեսակ համակրանքով ու ջերմությամբ ընդունեին։ Նրանք էլ, ովքեր Հայաստանում են, ու կարող էին այդպիսին դառնալու փորձ կատարել, քաղաքական ճամբարների մեջ են, ցավոք։

Լավ չի։ Այսօրվա Հայաստանում քաղաքական ոչ մի ուժ ողջ ժողովրդի համար պատասխանատու չէ և չի ուզում լինել։ Յուրաքանչյուրը սպասում է կողքինի սխալին և ուրախանում է այդ սխալներով։ Կրավորական ազգի կեցվածք է սա, երբ դադարել ենք հայտնագործել, աշխարհակալ լինել, գիտական ու մշակութային էքսպեդիցիաներ կազմակերպել, մտածելակերպ, քաղաքակրթություն տարածել, աշխարհակազմիկ լինել, ու արդեն հազարից ավելի տարիներ, մենք մեր ետևից ընկած, մեկս մեկի պիտակներ փակցնելով, փնովելով, ձերբակալել — նստացնելով, գնդակահարելով, կացնահարելով, ապա՝ դատողություններ ու եզրահանգումներ չանելով՝ գոյատևում ենք։ Մի լավ ընկեր ունեմ, ասում է՝ մեր պրոբլեմները նրանից են, որ մենք ծովային մտածողություն չունենք, երբ սեփական նավատորմը ուղարկում ես անհայտ ուղղությամբ, չիմանալով, ետ կգա թե ոչ, իսկ ետ դառնալու դեպքում տեր ես կանգնում հայտնագործվածին։ Երևի չունենք։

Այսօր մի հարգելի մտավորական կին ինձ համոզում էր, որ ԱԺ-ում վաթսունյոթ երեսփոխան արժանի են Չաուշեսկուի և նրա տիկնոջ ճակատագրին։ Երբ ես նրան հարցրեցի, թե ես՝ իր գործընկերը, ի՞նչ գույնի եմ, ասաց որ, ստացվում է՝ սև եմ, որ պիտի պատրաստ լինեմ իմ ետևից եկողներին դիմավորելու։ Այսօր ասում է պատրաստ եղեք, վաղը կզանգահարեն կկանչեն։ Այդ կինը չգիտեր, որ ես արդեն երեսուն տարի, անկախ ապրելու վայրից, պատրաստ եմ։

Հիմա էլ հեղափոխություն է։ Եվ հույս կար, որ այն կդառնա համաշխարհային ու աննախադեպ՝ իր բերած սիրո ու եղբայրության պաշարով։ Բայց ոչ։ Քաղաքական ուժերը իրենց նեղ քաղաքական սեկտորներն են սպասարկում, ու ոչ մեկը նրանցից ժողովրդի ու համայն հայության պատասխանատու չդարձավ։ Ու երևի չէր էլ դառնալու։ Այդ ֆունկցիան պիտի իրականացնեին պառլամենտն ու գործադիր իշխանությունները։ Չէ։ Երկուսն էլ նեղ են տեսնում։ Երկուսն էլ լծվել են իշխանության կռվին, սակայն տարբեր լոզունգաբանությամբ։

Այս գործընթացը լավ վերջ չունի, մենք էլ Բելգիան չենք, որ մի կամ երկու տարի ապրենք անիշխանության կամ երկիշխանության պայմաններում։ Որովհետև թշնամին գտնվում է մեր սահմանին։ Եվ, ըստ իս, օրվա իշխանությունը միշտ մեղավոր է։ Երեկվա մեղավորը Սերժն էր։ Այսօրվանը՝ Նիկոլն է։ Այո։ Նիկոլն է, ոչ թե այն պատճառով, որ ես հեղափոխությունների կողմնակիցը չեմ, այլ այն, որ վարչապետը մեզ բաժանեց մասերի, ապա չմիավորեց։ Ես հասկանում եմ նրա ու հեղափոխության շարժառիթները, մասերի բաժանելու հեղափոխական պահանջը, սակայն ինձ դուր չի գալիս այն, որ սկսում ենք ապրել հեղափոխական անհրաժեշտության, այլ ոչ թե կառուցելու ու պետական շինարարության տրամաբանությամբ, կամ միայն օրենքով։ Իսկ հեղափոխական անհրաժեշտությունը սահմաններ ու օրենքներ չի ճանաչում։ Այսօր Պողոսի ետևից եկած իրավապահը, վաղը Պողոսի մասին «դոնոս» գրածի ետևից է գալու, ու յուրաքանչյուրիս տունն է մտնելու։ Սա է իրական հեղափոխության աստառը։ Այսօր կկարդաք ասածս, կհայհոյեք, վաղը կասեք՝ ճիշտ էր ասում Դավիթը։

Մեղավոր են Դաշնակցականները, Հանրապետականները, ԲՀԿ-ն, ՔՊ-ն, մի խոսքով բոլորս ենք մեղավոր, որ ելել ենք իրար դեմ։ Դեռ առայժմ պատշաճության սահմանների մեջ ենք։ Բայց ո՞վ է ասել, որ այդ սահմանները անանցանելի են բռնկվող կրքերի համար։ Շատ վտանգավոր է։ Շատ։

Մենք պիտի դադարենք մրցել իրար հետ՝ մի թիզ հողի վրա, որտեղ մի բուռ ենք մնացել։ Հեղափոխություն էր, արեցինք։ Եկեք քանդելուն վերջ տանք։ Կառուցել սկսենք։

Ինձ շատ բաներ դուր են գալիս, ինչ անում է Նիկոլը, սակայն դա չի նշանակում, որ ես բացթողումներն ու սխալները չեմ տեսնում ու լռելու եմ, չեմ խոսելու այդ մասին, բայց ամենաշատը ինձ դուր չի գալիս այն, որ, երբեմն խոսում են ժողովրդի անունից, ու ես ինձ այդ պահին ժողովրդի այդ մասի մասը չեմ զգում։ Լավ կլիներ բոլորը խոսեին իրենց անունից, իրենց ընտրողի անունից, կամ, առնվազն՝ հասարակության մի ստվար մասի անունից։ Իսկ իմ անունից ես ինքս կխոսեմ։

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ

Դեպի Արարատ

 

*

*