Դուք ամբողջ ժողովրդի իշխանությունն եք, ոչ թե նրա մի մասի. Դավիթ Վանյան

...նույնիսկ եթե այդ մասը անհամեմատ ավելի մեծ է
hh-drosh-hraparak-hayastan22 (1)

Մտավորականը նա չէ, ով գալիս է տուն ու խոհանոցում, մի բաժակ օղի պարպելուց հետո, կնոջը, կամ մերձավորին է հայտնում իր իրական կարծիքը, մինչդեռ դրսում, աշխատանքի վայրում մեծամասնական է ձևանում։ Մտավորականը նա է, ով մերկացած ներվ ունի ու այդ մերկացած ներվով զգում է իր երկրի ցավը։

Մենք զարմանալի ժողովուրդ ենք։ Հիմնահարցերը մեզանից հեռացնելով, ամենքս փորձում ենք յուրովի լուծել մեր անձնական խնդիրները, իսկ հանրայինը, պետականը միշտ զիջում ենք նրանց, ովքեր հավակնում են։ Անձնակենտրոն ենք դարձել։ Երևի արհավիրքների ու պայքարի մեր անցյալն է ստիպել, որ այդպիսին լինենք, սակայն, այսօր, երբ պետություն ունենք, պարտավոր ենք պետականը համարել անձնական։

Ո՞րն է ճշմարտությունը։ եթե ուզում եք իմանալ, այն է, որ մենք գնալով պակասում ենք, սփյուռքը դադարում է խոսել ու մտածել հայերեն, ծնելիությունը նորմայից ցածր է, մեր շուրջ, չորս սահմանակից երկրում, տարեկան ծնվում են այնքան թրքալեզու, որքան ՀՀ-ում Հայ է ապրում, Համաշխարհային երրորդ պատերազմն էլ արդեն 30 տարի ընթացքի մեջ է, և ընթանում է տեղային լոկալ ճակատներով, ու ամեն վայրկյան կարող է մեզ առնել իր հորձանուտի մեջ, էմիգրացիոն հոսքերն ու մարդկային զանգվածների տեղաշարժերը ահագնանում են, քաղաքակարթական տարբերությունների ու հնարավոր բախման գոտում գտնվող մեր Երկիրն էլ վտանգված է, մեր դաշնակից երկրներն էլ թե մեզ հետ, թե աշխարհի հետ հարցեր ունեն ու շատ հնարավոր է, որ մոտ ապագայում, օրինակ վաղը մենք մնանք մեզ հետ։

Ահա սա է ճշմարտությունը։ Եվ այսպիսի պայմաններում հարկավոր է ամրապնդել պետական բոլոր ինստիտուտները, անվտանգության ծառայությունը, բանակը։ Երկիրը տեղափոխել ռազմական ռելսերի վրա։ Դադարեցնել միտինգային քաղաքականությունը։ Պետությունը վերադարձնել պետական հաստատություններ։ Օրենքի սահմաններում ձերբակալեցեք, կալանավորեք, սակայն դադարեցեք ժողովրդիս հանել փողոց։ Դուք ամբողջ ժողովրդի իշխանությունն եք, ոչ թե նրա մի մասի, նույնիսկ եթե այդ մասը անհամեմատ ավելի մեծ է։ Երեք մլն հայ է ապրում Հայաստանում։ Նրանց կեսը անչափահաս են կամ ծեր։ Մնացածին բաժանել մասերի, սև ու սպիտակի, նշանակում է անպատասխանատու լինել ապագայի հանդեպ։ Սա է իմ ճշմարտությունը։

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ

*

*