Դրվագներ՝ հեղափոխական-իշխանական առօրյայից

Ամենափոքրերի համար դահլիճի մեծ էկրանին ցուցադրվում է տեղական արտադրության «Մարիխու-մարիխու» մուլտֆիլմն ու «Տրանսը դու ես, գենդերը՝ նա» սերիալը։
lunapark-dzier

Վարչապետը իր ամենօրյա ասուլիսում հայտարարեց, որ պետք չէ հեծանիվ հորինել, պարզապես պետք է այն գնել կամ նվեր ստանալ ու քշել Երեւանի փողոցներում՝ բացառապես դրանց համար չնախատեսված վայրերով։ Վարչապետը հպարտորեն հայտարարեց նաեւ, որ  հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը անցած 24 ժամում եղել է այն, որ հպարտ քաղաքացիները հպարտորեն գնացել են աշխատանքի, հպարտորեն վերադարձել տուն ու հպարտությամբ հոգնած՝ քնել են ու բացառապես հպարտ երազներ տեսել։

Ի դեպ, ավելի քան 11 ժամ տեւողությամբ ասուլիսի վերջում այլեւս լրագրող չէր մնացել դահլիճում, չնայած պետք է ազնվորեն նշել, որ ասուլիսի սկզբում էլ արդեն լրագրողներ չկային։

***

Կառավարության հերթական նիստում մասնակիցներն այնքան տարվեցին որսորդության ու ձկնորսության վերաբերյալ թեմայով, որ որոշվեց քննարկումը շարունակել Որսորդների միությունում՝ բլոտի ու վարազի խորովածի սեղանի շուրջ։

***

Ազգային ժողովում շարունակվում են «Ով է միակ ընդդիմադիր», «Բա լավ էր, որ նախկին իշխանությունների ժամանակ…», «Իսկ դու քանի քայլ ես գցել Նրա հետ»   մրցույթները, որոնց մասնակցող թիմերն ամեն ինչ անում են ոչ միայն հաղթելու, այլեւ ուղիղ եթերով ամենահամարձակն ու պուպուշը երեւալու համար։ Ամենափոքրերի համար դահլիճի մեծ էկրանին ցուցադրվում է տեղական արտադրության «Մարիխու-մարիխու» մուլտֆիլմն ու «Տրանսը դու ես, գենդերը՝ նա» սերիալը։

***

ԱԱԾ-ն էլ հերթական աղմկահարույց բացահայտումն է կատարել. հերթական դպրոցում՝ հերթական տնտեսվարի եւ հավաքարարի հանցավոր համաձայնությամբ, վերջին 20 տարում պետական միջոցներով գնվել ու յուրացվել է 5 ավել, 7 տուփ մաքրող փոշի եւ 28 հատակի լաթ։ Հետաքննություն է ընթանում՝ պարզելու հանցախմբի մյուս անդամներին։

Շարունակելի։

Հեղինակ՝

Արծրուն Կոստանդյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները