Հեքիաթ աղջկա ու Միայնության մասին

...ու սկսեցին հետեւել, թե ինչպես է հեռանում զարմացած Երջանկությունը
axjik1 (1)

Աղջիկն արթնացավ դռան թակոցից:

-Ո՞վ է:

-Միայնությունը,- պատասխանեցին  դռան մյուս կողմից:

-Ա՜խ, եկար փաստորեն: Լսել էի, որ գալու ես: Եթե այստեղ ես գիշերելու, կարող ես կոշիկներդ հանել:

-Դա քիչ է, ինձ մի ամբողջ պահարան է պետք, որ հագուստս դասավորեմ. ես դեռ երկար եմ մնալու,- պատասխանեց Միայնությունը: Աղջիկը հուսահատ նայեց Միայնությանն ու գնաց քնելու:

Առավոտյան նախաճաշում էր ու նկատեց՝ ինչպես է Միայնությունն աչքերը կլորացրած իրեն նայում:

-Միայնությու′ն, կարող ես նստել, նախաճաշել, սոված կլինես,- ասաց աղջիկը:

Միայնությունը երջանկացած՝ նստեց աթոռին։

— Գիտե՞ս, աղջի′կ, մենք կարող ենք շատ ուրախ անցկացնել ժամանակը:

-Իսկապե՞ս,-զարմացավ աղջիկը,- ու ինչպե՞ս:

-Ինչ մտքովդ անցնի.  կարող ենք սրճել, երաժշտություն լսել, զբոսնել, ֆիլմ դիտել, նույնիսկ երբեն կարող ենք մեզ թույլ տալ գինի խմել: Հրաշալի է, չէ՞:

…Աղջիկը ժամանակի հետ սիրեց Միայնությանը:

Մի գիշեր արթնացավ ու տեսավ, որ Միայնությունը բացել է բոլոր պատուհանները:

-Միայնությու′ն, տունը ցրտել է, ի՞նչ ես անում,- բարկացավ աղջիկը:

-Սա քեզ համար է, ես գիտեմ, որ սիրում ես գիշերը երկնքին նայել, բայց ինչ ես եկել եմ՝ դու դա չես անում: Արի նստենք, նայենք լուսնին, նույնիսկ կարող ենք մի քիչ երազել:

-Միայնությու′ն, դու ինձ զարմացնում ես, ես լսել էի, որ դու դեմ ես երազանքներին:

-Չէ,դու ինձ Հուսալքության հետ ես շփոթում, ես սիրում եմ երազել, դա այնքան զվարճալի է, արի′ երազանք պահենք…

Առավոտյան դուռը թակեցին:

_Միայնությու՛ն,- բղավեց աղջիկը,- չես հավատա՝ մեր երազանքը կատարվեց. Երջանկությունն է եկել:

-Չբացես դուռը,-անհանգստացավ Միայնությունը,- Երջանկությունը կխախտի մեր միությունը, նա շուտով  կգնա, իսկ մեզ շատ դժվար կլինի նորից մտերմանալը:

-Բայց, Միայնությու′ն, Երջանկությունն ասում է, որ կգունավորի քեզ:

-Ա՜խ, միամիտ, դու ինքդ վաղուց արդեն գունավորել ես ինձ,- ժպտաց Միայնությունը:

— Իսկ եթե մենք երեքով ապրե՞նք: Պատկերացնու՞մ ես՝ ես, դու ու Երջանկությունը: Կարծում եմ՝ հիասքանչ կլինի:

-Այդպիսի փորձեր եղել են, բայց հետո նրանց չորրորդ հյուրն է այցի եկել՝ ծերուկ Դժբախտությունը, լսե՞լ ես նրա մասին,- հարցրեց Միայնությունը:

-Այո՛, ասում են նենգ ու ձանձրալի ծերուկ է… Լավ, մի′ տխրիր, ես չեմ թողնի, որ մեզ բաժանեն. մենք պարզապես դուռը չենք բացի, ու Երջանկությունը թող գնա՝ ուր ուզում է:

Աղջիկը գրկեց Միայնությանը, մոտեցան լուսամուտին ու սկսեցին հետեւել, թե ինչպես է հեռանում զարմացած Երջանկությունը:

Հեղինակ՝

Անահիտ Հովհաննիսյան

*

*