«Գնա, գնա ընկի ավտոյի տակ»

Ծեծում էր՝ սեփականատիրոջ անխախտ իրավունքով՝ վստահ, որ իր երեխան է, ինչ կուզի կանի
erexa2

Տիգրան Մեծի փողոցում՝ կանգառներից մեկում գտնվողների մի մասը անտարբեր դիտում էր, մի մասը՝ չտեսնելու եւ չլսելու տալիս երեխայի ճիչն ու լացը։ Մոտ 4 տարեկան տղայի մայրը, որ պսպղուն-հարթ կոշիկներով ու պսպղուն ուսաթելիկներով վերնահագուստով, մարզական տաբատով, միջին չափերի մի 28-30 տարեկան չարացածություն էր, այնպես հաճույքով էր խփում երեխայի դեմքին ու այնպես անկաշկանդ գոռում՝ թքած ունենալով մարդկանց, շրջապատի, աշխարհի ու իհարկե՝ երեխայի վրա, որը անզգուշություն էր ունեցել մի քանի քայլ հեռանալ կանգառից։

Ծեծում էր՝ սեփականատիրոջ անխախտ իրավունքով՝ վստահ, որ իր երեխան է, ինչ կուզի կանի։ Կողքը կանգնած վտիտ ու 3 օր չսափրված արական սեռի արարածն անհաղորդ նայում էր ուղիղ դեմ դիմաց՝ կարծես ավտոբուսը ոչ թե ձախից էր գալու, այլ՝ դիմացի մայթից։

Մի 11-12 տարեկան աղջնակ էլ, մի կես քայլով ընտանիքից հեռուացած՝ չգիտես ամաչում էր, խղճում էր, թե մի քիչ էլ ուրախ էր, որ մոր հերթական կատաղության զոհն այս անգամ ինքը չէ։

«Գնա, գնա ընկի ավտոյի տակ», բղավում էր կինը։ Երեխան դիմադրում ու գոռոմ էր. «Չէ, չէ… Պապայիս կասեմ…»։

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։

 

Հեղինակ՝

Արծրուն Կոստանդյան

*

*