Այսօրվա պրոցեսներն անցյալով են զբաղվում, այլ ոչ թե վաղվա օրվա կերտումով — Երկիր Մեդիա

Այսօրվա պրոցեսներն անցյալով են զբաղվում, այլ ոչ թե վաղվա օրվա կերտումով

Հիմա արդեն նոր զոհեր պիտի մատուցվեն հասարակական սպասումների զոհասեղանին...
gyumri-nikol

Սիրո ու համերաշխության հեղափոխությունից միայն թավիշն է մնալու, այն էլ որպես հիշողություն, եթե իշխանությունը՝ տնտեսության փոխարեն, զբաղվի անցյալի աղտոտ աստառի քաղաքական-դատավարական լվացումներով, այն էլ՝ ակնհայտ վրեժի հոգեբանությամբ։ Ու այստեղ բանն այն չէ, որ պրոցեսի մասնակիցները սրիկաներ չեն, այլ այն է, որ նախ՝ խախտվում է արդարության ու հավասարակշռության սկզբունքը, քանի որ մեր բոլոր ցավերի պատճառները Լևոն Տեր-Պետրոսյանի ծուռ դրված հիմքերից են գալիս ու այն օրերի տղայական իշխանության Երկիրը վստահաբար քանդելու, դեմոնտաժելու ու վաճառելու հանցագործ ինքնավստահությունից, իսկ Քոչարյանն ու Սարգսյանն էլ այս ամենի շարունակող — զարգացնողներն էին, և երկրորդ՝ հասարակության մեջ կուտակված բացասական իրար ատելու էներգիան ջինի նման բաց է թողնվում լամպից, ու դժվար է լինելու նրան ետ խցկելը, մինչդեռ հայկական հեղափոխության առավելությունն էլ հենց այն էր, որ մարդկային հոգեբանության միայն դրական հատկանիշների վրա եկավ ու գրեթե հաղթանակեց։

Տնտեսություն կառուցելը հեշտ բան չէ, ու քայլ անելու վերաբերյալ կոչերով ու միայն խառնվածքային միանձնյա առաջնորդությամբ չես հաջողի, և դրա համար տարիներ կլինեն անհրաժեշտ, հնարավոր է որ ավտորիտար մեթոդների կարիքը լինի, այսինքն՝ իշխանության հանդեպ վստահության պաշարի անհրաժեշտություն կլինի երկարաժամկետ կտրվածքով, քանզի առանց ավտորիտարիզմի ոչ մի երկիր տնտեսական հրաշքների չի հասել, իսկ այսօրվա պրոցեսների սխալը այն է, որ դրանց ժամանակը չէր, որովհետև այդ պրոցեսները անցյալով են զբաղվում, այլ ոչ թե վաղվա օրվա կերտումով, և բացի այդ, իշխանությունն էլ դեռ ոչինչ չարած՝ իրեն անտեղի թշնամիներ է ձեռք բերում կամ վատնում է այդ վստահության թանկարժեք պաշարը։

Հիմա արդեն ուշ է։ Հիմա արդեն նոր զոհեր պիտի մատուցվեն հասարակական սպասումների զոհասեղանին։ Բայց ավելի ճիշտ կլիներ դադարեցնել ինքնախարազանումի այս համազգային պրակտիկան ու սկսել զբաղվել մրցունակ ու հզոր պետության շինարարությամբ։

Մեր մեջ քնած է բոլշևիկ նիհիլիստը, ու բավական է տուրք տալ սեփական անցյալի ժխտողականությանն ու ռեվիզիային, այդ նիհիլիստն արթնանում է ու ամեն բան ներկում գորշ գույներով, կարծես թե այս երեսուն տարիներում միայն բացասականն է եղել։

Եթե մեր ներկային վերաբերվում ենք ներողամտությամբ ու սիրով, ապա այդպես պիտի վերաբերվեինք նաև անցյալին, որովհետև այն անցյալինն էլ ենք մենք՝ ծափահարող թե ընդդիմադիր։ Ավելի լավ չէ՞ր լինի անաչառ քաղաքական գնահատականներ տրվեին երեք նախագահների իշխանության բոլոր արատավոր երևույթներին, սակայն հիմնական եռանդը ներդրվեր մեր երկրի սոցիալ-տնտեսական-ռազմական բարեփոխումներին ու վաղվա Հայաստանի կերտմանը։

Ավելի լավ կլիներ։

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ

Դեպի Արարատ

*

*