«Վախենում ենք խոստովանել ինքներս մեզ, որ սա մեզ արժանի բան չի, որ ոչ Եվրոպա դարձանք, ոչ էլ Ասիա»․ Դավիթ Վանյան

...հեղափոխությունը մեր հոգում պիտի անենք
klin2 (1)

Վախը դարձել է մեր ուղեկիցը, մենք էլ մեզ խաբում ենք, որ հանգիստ լինենք։ Դատարկվում են մեր գյուղերը։ Մենք մեզ ․․ի տեղ դրած քեֆերի մեջ ենք, կարծես չենք նկատում։ Կարծես չենք տեսնում, որ դատարկվում է սահմանամերձ գոտին, Արցախը, Վրաստանի հայկական շրջանները։ Դպրոցը դպրոցի ետևից փակվում է։ Մոսկվայի կենտրոնում հայկական դպրոց փակվեց՝ ոչ համայնքը, ոչ եկեղեցին, ոչ դեսպանատունը չնկատեցին։ Յուրաքանչյուրը սրանցից ուներ իր կիրակնօրյա դպրոցը։ Այդքանը համարեցին բավական ու պետական ֆինանսավորումով հայկական դպրոցը դարձավ պատմություն։

Դրսում ապրում են չքավորության մեջ, հակասանիտարական պայմաններում, կնոջ ու երեխայի հետ, հիսուն հազար ռուբլի աշխատավարձ են ստանում, երեսունը տալիս նման բնակարանի վարձ։ Ասում էին՝ անարդար է Հայաստանում, դրա համար է, որ չենք վերադառնում։ Հիմա արդար է, հեղափոխություն է, գողերն ու թալանչիները բանտերում են, սակայն դարձյալ չեն վերադառնում, մինչդեռ տուն ու ծնող ունեն, կարող են գալ, հող մշակել, ոտքի կանգնել։ Երևանում ինչքան նորմալ հագնված ու լավ վճարվող երիտասարդ տեսա, երազում է գնալ, չի հասկանում, որ ավելի լավ տեղ աշխարհում չկա։ Վախենում ենք խոստովանել, որ խարիսխներից զրկվում ենք։ Այն խարիսխներց, որ չեն թողնում լքել երկիրը։

Վախենում ենք ասել այս մասին, այն մասին, որ ամենուր միջակ հայն է թելադրում մոդան ու տրամադրությունները։ Ոչ ոք գիրք չի բացում, հայերեն կարգին խոսել չգիտենք, վախենում ենք խոստովանել ինքներս մեզ, որ բթանում ենք։ Հակառակ սրան՝ գովում ենք մեզ, մենք մեզանով հիանում, մինչդեռ երիտասարդությունը գողականությամբ հիվանդ է։ Գողականության աչքի առջև էլ քաղաքամայրը դարձել է սեքս ինդուստրիայի կենտրոն, այն էլ՝ օտարների համար։ Հյուրանոցների նախագծերն այնպես են գծվում, որ մարդը մգացրած ապակիներով մեքենայով մտնի աննկատ ու աննկատ դուրս գա։ Սա բոլորիս աչքի առաջ։ Բոլորս էլ ձևացնում ենք, թե չենք տեսնում։ Եվ հետո․ իբր թե չի կարելի սիրած ունենալ, ձևեր չթափել, նորմալ, մարդավարի, բաց պատուհաններով հյուրանոց գնալ։

Վախենում ենք խոստովանել ինքներս մեզ, որ սա մեզ արժանի բան չի, որ ոչ Եվրոպա դարձանք, ոչ էլ Ասիա, մեջտեղի ճահիճում խրվել ենք, բայց միտինգի ենք գնալու, գովենք իրար, որ լավ զգանք։ Մեր դաշնակից ռուսը դառնում է ոխերիմ թշնամի։ Մեր արտաքին քաղաքականության մեջ հաջողություններ դեռևս չունենք, ներքինում էլ, բացի հակակոռուպցիոն միջոցառումներից, դեռ բան չենք արել, բայց ոչինչ, ով քննադատի կամ փորձի վտանգից ետ պահել, զգուշացնել, կենդանակերպի պրոֆիլով մի ֆեյք կսկսի մարդկանց պիտակներ փակցնել, հանուն իշխանության մի տեղը լիզելու։

Աշխարհի հին ժողովուրդների թերություններն էլ են հին, ու հեղափոխությունը մեր հոգում պիտի անենք, որ մեր իսկ սխալների խոր անվահետքերից դուրս մղվենք, բանուկ ու սրընթաց ճամփաներով ընթանանք, իսկ դրա համար պիտի մենք մեզ բոլոր ճշմարտությունները ասենք, ընդունենք, բուժվենք։

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ

*

*