Մեր իշխանությունները, երեկվա թե այսօրվա, հասուն չեն, ազնիվ չեն. Դավիթ Վանյան

Սրանից հարյուր տարի առաջ քեմալական Թուրքիան ու բոլշևիկյան Ռուսաստանը փոխադարձ ճանաչեցին իրար ու Հայաստանի հողերի հաշվին էքստազ ապրեցին
sahman-zinvor-anhet-korac

Մենք բազմաթիվ ու ամենատարբեր քաղաքական, տնտեսական, ազգագրական վերլուծությունների արանքում այդպես էլ չենք կարողանում հասնել ճշմարտության ու այն մատուցել մեր ժողովրդին, քաղաքացուն։ Քաղաքական կոնյուկտուրան, հեղափոխական իրավիճակը և այն, որ ոչ մի կողմին էլ ձեռնտու չէ ասել ճշմարտությունը՝ բերում են նրան, որ բոլորն էլ «ազնվորեն իրենց աշխատանքն անում են»՝ այսինքն, քաղաքագետը կանխատեսում է, ԱԳ նախարարությունը գործում է, վարչապետը ղեկավարում, դատավորը դատում, սակայն ժամանակակից աշխարհի փոփոխության տեմպերը մնում են անհասանելի և, ցավոք, վտանգավորության աստիճանի անընթեռնելի։

Ետ ենք մնում։ Ապրում ենք օգտագործողի, սպառողի կյանքով։ Աշխարհին ոչինչ չենք տալիս, համաշխարհային նշանակության ոչինչ չենք արտադրում, չենք հայտնագործում, չենք հրատարակում։

Մեր երիտասարդները չեն կարդում, գրողները տրամադրված են իրենք իրենց։ Համենայն դեպս, ինձ այդպես է թվում։ Ով հինգ հարյուր դոլար ունի, գիրք է տպում, ու ոչ ոք չի էլ նկատում։ Այն ամենը, ինչին սովերեցնում են մեր դպրոցներում, ժամանակակից աշխարհում՝ մեծ հաջողությամբ անում են մեքենաներն ու ռոբոտները։ Քսան տարի անց մենք գործազուրկների ազգ ենք լինելու։ Թերևս դուդուկ ու քանոն նվագելն է մնալու մեքենաների կատարողականությունից դուրս։

Մեր պատմությունը չենք ուսումնասիրում, կամ ենթադրություններ չենք անում։ Սրանից հարյուր տարի առաջ քեմալական Թուրքիան ու բոլշևիկյան Ռուսաստանը, աշխարհի կողմից արհամարհված լինելով՝ իրար գիրկ նետվեցին, փոխադարձ ճանաչեցին իրար, ու Հայաստանի հողերի հաշվին էքստազ ապրեցին։ Հիմա նույնը կամաց-կամաց կրկնվում է։ Թուրքիան ու Ռուսաստանը տնտեսություններով են սերտաճում։ Եւ սա Ռուսաստանի ռազմավարության համար շատ կարևոր է, քանզի այսօրվա աշխարհում Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը, նեղուցների հսկողությունը նրան հանում են առաջին հորիզոնական։ Մեր մեջ ոչ ոք այս մասին չի ասում, չի ասելու։

Ռուսաստանը 300 տարի եղել է մոնղոլների իշխանության տակ, և այսօվա մեր դաշնակցի դեմոգրաֆիան ապահովող ազգային-ցեղային խմբերը մոնղոլների հետնորդներն են։ Աճող ու դինամիկ Թուրքիան կարող է մոտակա 30 տարում կլանել Ռուսաստանը։ Երեսուն տարի անց Թուրքիայի ու Ռուսաստանի բնակչությունը կհավասարվի։ Եթե մենք անհատական իմունիտետ ունենք՝ չլուծվելու առումով, ապա Ռուսաստանի ու Եվրոպական ժողովուրդների մոտ անհատականը բացակայում է, և միայն պետական մարմինների կարգավորումներով է, որ ապահովվում է ազգագրական պատկերը։ Բավական է, որ Ռուսաստանում թույլ պետություն, այսինքն իշխանություն լինի, ամեն ինչ հակառակ ընթացք է ստանալու՝ սեպարատիզմ, իսլամական ֆուդամենտալիզմ, թրքալեզու ժողովուրդների միավորում, արտաքին հարաբերությունների չափանիշների փոփոխություն։

Չինաստանն ու Հնդկաստանն են մյուս վտանգները, որոնք, հավանաբար կորոշեն Ուրալից այն կողմ ընկած տարածքների ապագան՝ Ենթադրենք 50 տարի անց։ Որովհետև ամենամեծ զենքը ժամանակակից աշխարհում՝ ծնելիությունն է ու մարդկանց՝ աշխատանքային հոսքերի ապահովումը։ Սրանք մեզ ուղղակիորեն չեն սպառնում, սակայն այն ամենը, ինչ սպառնում է եվրասիական աշխարհամասի «ստաբիլիզատոր»՝ Ռուսաստանին, մեզ համար վտանգավոր է։

Մենք պատերազմի մեջ ենք այսօր։ Պատերազմի մեջ ենք, սակայն, ապրում ենք այնպես, կարծես թե այդպես չէ։ Մեր իշխանությունները, երեկվա թե այսօրվա, հասուն չեն, ազնիվ չեն։ Եթե ազնիվ լինեին, այս ամենը ես չէ, որ պիտի ասեի իմ անձնական էջում, կամ «Դարաշրջանի» տողերի արանքում։ Պետությունը պիտի ասեր ու Երկիրը ռազմական ռելսերի վրա պահեր, հայրենադարձություն ապահովեր։

Այս կանխատեսումները հնարավոր են, եթե մինչ այդ միջուկային պատերազմը ամեն ինչ չհավասարեցնի հողին։

ԴԱՎԻԹ ՎԱՆՅԱՆ
Դեպի Արարատ

*

*